«Խաղաղության օրակարգ» կեղծ թեզի ներքո ՔՊ-ն Արցախը մաս-մաս հանձնում է Ադրբեջանին

Մենք, որպեսզի հասնենք խաղաղության օրակարգին, նախ մեր երկրում պետք է հասնենք կատարյալ համերաշխության: Քաղաքական խարդավանքները պետք է դրվեն մի կողմ, եթե խոսքը վերաբերում է պետականությանն ու պետականության հիմքերի ամրապնդմանը: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը քաղաքական խարդավանքների մասին խոսելիս կարծես թե պատմում է ՔՊ-ի ներքին խոհանոցի մասին, քանի որ խարդավանքների և ֆեյքերի մասնագետները հենց նրանց թիմի կորիզն են կազմում:
«Խաղաղության օրակարգ» կեղծ թեզի ներքո ՔՊ-ն Արցախը մաս-մաս հանձնում է Ադրբեջանին և Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում ազգային, պետականամետ, մտածող ուժերին «մասնակցել» այդ կործանարար գործընթացին:
ՔՊ-ականները «քաղաքական կամիկաձեներ» են՝ 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո նրանք ՀՀ-ում ունեն զրո վարկանիշ և իշխանության են մնում միայն գերտերությունների շահերը սպասարկելու շնորհիվ:
Ներքաղաքական դաշտում այն ուժերը, ովքեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդունելի կհամարեն, հայտնվելու են ՔՊ-ի հետ նույն «կործանվող նավակում»:
Կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը հիմք է դառնալու ապագա խաղաղության պայմանագրի, կործանարար է հայոց պետականության և Արցախի համար: Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշելու, իսկ իշխանությունը սրբություն համարող ՔՊ-ականները լուռ կատարելու են իրենց իսկ կողմից «կիրթ» որակված Իլհամ Ալիևի պահանջները:
Այսպիսով, իշխանափոխությունը հայոց պետականության փրկության ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է:
Վահրամ Բագրատյան