Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Թուրքիա և Իրանին սահմանակից երկրներ

Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Թուրքիա և Իրանին սահմանակից երկրներ

Իսրայելի իշխանությունները երկրի քաղաքացիներին հորդորել են զերծ մնալ Թուրքիա, ինչպես նաև Իրանին սահմանակից երկրներ այցելելուց։

Համապատասխան հայտարարությունը տարածել է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակին։

«Հատկապես այն բանից հետո, երբ Իրանն Իսրայելին մեղադրեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի մահվան մեջ, Իսրայելի անվտանգության ծառայությունների մոտ ավելացել է մտավախությունը, որ Իրանը կարող է ամբողջ աշխարհում իսրայելական օբյեկտների վրա հարձակվելու փորձեր ձեռնարկել։ Այդ պատճառով ԱԱԽ-ն և անվտանգության ծառայությունները հորդորում են հաշվի առնել Թուրքիա այցերի հետ կապված նախազգուշացումները և վերահաստատում են, որ ներկա ժամանակահատվածում Թուրքիան իսրայելցիների համար բարձր ռիսկ պարունակող երկիր է։

Անվտանգության ծառայությունների տվյալներով, Թուրքիայում Իսրայելի քաղաքացիների համար իրական սպառնալիքներ կան։ Վտանգի բարձր մակարդակ կա նաև Իրանին սահմանակից այլ երկրներում, այդ պատճառով Իսրայելի քաղաքացիները պետք է պահպանեն զգոնությունը և այդ երկրներ այցեր կատարելու հարցում անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն»,- նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ մայիսի 22-ին անհայտ անձինք Թեհրանում կրակ էին բացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Խոդայիի մեքենայի ուղղությամբ, գնդապետը մահացել էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղի ունեցածւ ահաբեկչություն էր որակել, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ վրեժխնդիր կինեն այդ սպանության համար։

Միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ, հղում անելով ամերիկյան հետախուզական ծառայություններին, իրենց հրապարակումներում պնդել էին, որ հենց Իսրայելն է ներգրավված իրանցի գնդապետի սպանության մեջ։