Լարսի անցակետն այս շրջանում այլեւս չի փակվի, եթե եղանակային որեւէ կտրուկ փոփոխություն չլինի

Լարսի անցակետն այս շրջանում այլեւս չի փակվի, եթե եղանակային որեւէ կտրուկ փոփոխություն չլինի

Լարսի անցակետն այս շրջանում այլեւս չի փակվի, եթե եղանակային որեւէ կտրուկ փոփոխություն չլինի, այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» անցակետում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

«Առավոտյան մի փոքր դանդաղ էին գնում բեռնատարերը, վրացական անցակետում խնդիրներ ունեին, հետո դա հարթվեց եւ հոսքը վերականգնեց, բայց մարդատարարներն անարգել անցնում էին։Այս պահին մեծ հերթ է Լարսի հարակից ձորում, Վլադիկավկազի մատույցներում, Հյուսիսային Օսիայի մի քանի կետերում։ 3000 բեռնատարներից ավելի մեքենա կա հերթում։ Հերթի երկարությունը 60-70 կմ է»,– ասաց նա։ 

Նրա խոսքով՝ մարդատար ավտոմեքենաներ եւս կան, բայց համեմատաբար քիչ են, քանի որ մեքենաները չէ, որ այդտեղ սպասում են։ Շատերը վերադառնում են, երբ տեղեկանում են ճանապարհի բացման մասին։

«Բայց խնդիրն այն է, որ անընդհատ ավելանում է հերթը։ Մեքենաները գալիս, մտնում են Ռուսաստան, գնում են, բեռը դատարակում են, նորից վերադառնում են։ Այսինքն՝ բեռն անընդհատ համալրվում է»,– նշել է նա։

Արամ Թանանյանը նաև ասել է, որ ընդհանրապես տարվա ընթացքում մի քանի անգամ լինում են նման երկարաժամկետ խցանումներ։ «Տարվա առաջին եռամսյակում շուրջ երեսունհինգ օր Լարսը չաշխատեց եղանակի պատճառով, երեսունհինգ օրվա չաշխատած օրերի մեքենաները, բնականաբար, կուտակվել են։ Հետո կլինի մեծ հոսք, երբ մրգի սեզոնը կբացվի։ Դա ամառվա առաջին ամիսներին։ Հետո էլ աշնանը։ Տարվա մեջ երեք անգամ նման պիկեր գրանցվում են»,– բացատրեց նա։