Այս պահին մեկնարկած Արցախին պետական աջակցության նոր ծրագիր չկա

Այս պահին մեկնարկած Արցախին պետական աջակցության նոր ծրագիր չկա

Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է։ Այս օրերի ընթացքում 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։ 

Նրանցից շատերը Երևանում են, մի մասն էլ Գորիսում կամ Արցախի այն գյուղերում, որտեղ հասցրել են հայտնվել ճանապարհը փակելուց հետո։ 
MediaHub.am-ին արցախցիներն ավելի վաղ հայտնել էին, որ Երևանում օրավարձով են մնում, իսկ Գորիս հասած քաղաքացիներն էլ օգնություն են ստանում համայնքից, պետական աջակցություն այս պահին ոչ ոք չի ստացել։

MediaHub.am-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը հայտնեց, որ այս պահին մեկնարկած պետական աջակցության նոր ծրագիր չունեն։ 

«Կապի մեջ ենք Արցախի տեղեկատվական շտաբի հետ և սոցիալական ոլորտին առնչվող հարցերի շրջանակում իրենց միջոցով համագործակցում ենք։ Աջակցություն ասելով միայն ֆինանսական աջակցություն չենք հասկանում, այստեղ տարբեր ընտանիքներ են գտնվում և մասնավոր դեպքերով կարիք է լինում, որևէ կերպ միջամտել և այլն։ Իսկ Արցախում գտնվող արցախցիներին ուղղված պետական աջակցության ծրագիր մեր կողմից այս պահին չի իրականացվում։ Եվ վերջին ուղիղ ֆինանսական աջակցության ծրագրերը, որոնք եղել են Արցախում ապրող արցախցիների համար, իրականացվել է Արցախի Կառավարության կողմից»,-ասաց նա։

Հիշեցնենք, նախօրեին MediaHub-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի գյուղապետ Անդրանիկ Բաբայանը պատմել էր, որ մինչև ճանապարհի փակվելը ընտանիքով Երևան էին եկել՝ բժշկական օգնություն ստանալու, սակայն Լաչինի միջանցքի փակվելը փոխել է բոլորի պլանները։ Բաբայանը պատմել էր, որ արդեն 15 օր է Երևանում են և այս օրերին օրավարձով են ապրում, որն ավելի է բարդացնում իրենց վիճակը. «Հիմա խնդրի առաջ ենք կանգնել՝ փող չունենք, մնալու տեղ չունենք։ Իմաստ չունի մեր այստեղ մնալը, բայց այս օրերին մեր ունեցածն էլ վերջացել է, այնտեղից էլ հնարավոր չի ուղարկեն, որ յոլլա գնանք »,-ասել էր նա: Եվ այս դեպքը եզակի չէ:

Նարե Գնունի