Ջրհեղեղից հետո Քարկոփում պտղատու ծառերը չորանում են․ գյուղում անցուդարձը կազմակերպում են ժամանակավոր հետիոտնային կամրջով

Ջրհեղեղից հետո Քարկոփում պտղատու ծառերը չորանում են․ գյուղում անցուդարձը կազմակերպում են ժամանակավոր հետիոտնային կամրջով

Լոռու մարզի Ախթալայի նոր ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված այսօրվանից մինչև օգոստոսի 23-ը ժամը 08:00 փակ է լինելու դեպի Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ MediaHub-ը կապ հաստատեց Քարկոփի վարչական ղեկավարի հետ։

Հերմինե Պետրոսյանն ասաց, որ գյուղը նորից հայտնվել է բլոկադայի մեջ, անցուդարձը կազմակերպում են Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամրջով։

«Բերքը հասունացել է ու բերքահավաքի շրջան է։ Սա լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում բնակիչների համար, քանի որ այգիների մի մասը գտնվում է գետի մյուս կողում և մարդիկ ստիպված այն կազմակերպում են ոտքով։ Բացի դա, գնալով ավելի շատ է երևում ջրհեղեղի վնասները։ Պտղատու ծառերի մեծ մասը չորանում է»,- ասաց Պետրոսյանը։

Ժամանակավոր կամրջի շինարարությանը զուգահեռ՝ աղետի գոտում պատրաստվել են, որ անհրաժեշտության դեպքում կազմակերպեն շտապ բժշկական օգնություն։ Աղետից մեծապես տուժած Քարկոփ գյուղում սկսվել է դպրոցի վերանորոգման աշխատանքը։ Վարչական ղեկավարի խոսքով սակայն, նոր ուսումնական տարին կմեկնարկի մանկապարտեզի շենքում՝ 2 հերթափոխով։

«Մի քիչ անհարմար կլինի, բայց պետք է դիմանանք։ Գյուղի հիմնական կամրջի, կոյուղագծերի, բնակելի տների և մյուս ենթակառուցվածքների նախագծերը պատրաստ են։ Բայց, միայն բնակելի տների վերանորոգումն են գյուղացիները սկսել, մյուսներից դեռ նորություն չկա»,- ասաց նա։

Մենք հետաքրքրվեցինք նաև պետության հատկացրած աջակցություններից, որին ի պատասխան Քարկոփի վարչական ղեկավարն ասաց, որ բնակիչները գոհ են, հատկացված գումարը կհերիքի վերացնել աղետի թողած  հետքերը։ 

Հունան Թադևոսյան