Հայտնի ու բոլորիս կողմից օգտագործվող ցավազրկողը կարող է ճնշել քաղցկեղի բջիջների տարածումը

Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Թայվանից և Ֆրանսիայից գիտնականները պարզել են, որ ասպիրինը կարող է ճնշել քաղցկեղի բջիջների տարածումը` ազդելով օրգանիզմի բորբոքային պրոցեսների վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում։
Լաբորատոր մկների վրա կատարված փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ ասպիրին ընդունելը նվազեցնում է կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի մետաստազների, ինչպես նաև մաշկի քաղցկեղի (մելանոմա) առաջացման հավանականությունը: Ասպիրին ստացած կենդանիները զգալիորեն ավելի քիչ մետաստազներ են ունեցել օրգաններում, ինչպիսիք են լյարդը և թոքերը, քան վերահսկիչ խումբը:
Ըստ հետազոտողների՝ ասպիրինի գործողության հիմնական մեխանիզմը կապված է բորբոքային պրոցեսները ճնշելու նրա ունակության հետ։ Դեղը արգելափակում է այն ֆերմենտի ակտիվությունը, որը պատասխանատու է թրոմբոքսան A2-ի արտադրության համար, մի նյութ, որը ազդում է անոթների սեղմման և արյան մակարդուկների առաջացման վրա: Այս նույն գործընթացը ազդում է T-լիմֆոցիտների՝ իմունային համակարգի բջիջների գործունեության վրա, որոնք առանցքային դեր են խաղում քաղցկեղի դեմ պայքարում:
Ստացված տվյալների հիման վրա գիտնականները ենթադրում են, որ ասպիրինը կարող է դառնալ մետաստատիկ քաղցկեղի բուժման օժանդակ միջոց։ Այնուամենայնիվ, այս վարկածը վերջնականապես հաստատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն: Դիտարկվում է նաև ասպիրինի թերապևտիկ ազդեցությունն ուժեղացնելու համար ասպիրինը ժամանակակից իմունոթերապիայի մեթոդների հետ համատեղելու հնարավորությունը։