Կրթության ոլորտում «ողբալի վիճակ է»․ ինչո՞ւ շրջանավարտները չեն ցանկանում բուհ ընդունվել

Կրթության ոլորտում «ողբալի վիճակ է»:
Վերջին տարիների միտումը պահպանվում է նաև այս տարի. բուհեր դիմորդների թիվը նվազել է, համալսարաններում թափուր տեղերը շատ են, կան կուրսեր, որտեղ դիմորդների թիվը 0 է։
Արդյո՞ք շրջանավարտները այլևս չեն ցանկանում շարունակել կրթությունը կամ ինչպես ասում էին դեռ մեկ տասնամյակ առաջ՝ «դիպլոմն է կարևորը, ստացիր, ինչ ուզում ես արա» կարգախոսը այլևս չի աշխատում երիտասարդության համար: Իսկ գուցե պատճառն այն է, որ Հայաստանից հեռացողների թիվը, հատկապես երիտասարդների, ավելանում է․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
«Եթե երկարաժամկետ նայել, ապա շատ բան չի փոխվել, մոտավորապես նույն պատկերն է: Ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին միշտ էլ ունեցել ենք մի քանի հազար թափուր տեղ, մասնավորապես, առաջին փուլից հետո»,- ասաց Խաչատրյանը։
Դիմելիության նվազման մի քանի պատճառ կա, ըստ կրթության փորձագետի, գլխավոր պատճառը՝ 12–ամյա պարտադիր կրթությունն է, երբ երեխաները 9-րդ դասարանից հետո պարտադիր պետք է շարունակեն, ավագ դպրոց գնան կամ քոլեջ, ուսումնարան։
«Ունենք աշակերտներ, որ դպրոցը ավարտում են 18.5 տարեկանում և պարզ է, որ այդ երեխաները սկսում են աշխատել՝ սրճարաններում և սուպերմարկետներում դպրոցական տարիքի երեխաներ են աշխատում։ Երեխաները, երբ «փողի համը տեսնում են», գումար են վաստակում, իրենց համար այլևս բարձրագույն կրթությունը գրավիչ չէ, մտածելով, որ բարձրագույն կրթությունն իրենց դժվար ապահովի ավելի լավ աշխատանք։ Առաջ երեխաները դիմում էին համալսարաններ, քանի որ քչերն էին աշխատում»,– նշեց Խաչատրյանը։
Ըստ փորձագետի՝ ժամանակին ունեինք ավանդույթ, որ պետք է ամեն գնով բուհ ընդունվել, իսկ հիմա արդեն այդպես չէ և շրջանավարտները գնում են գումարի ետևից։ Նաև, փոխվել են պայմանները և ամենավատ վիճակում, ըստ մեր զրուցակցի, Մանկավարժական ու Ագրարային համալսարաններն են։
«Շատ մեծ դեր է խաղում նաև այն, որ արտերկրի համալսարաններ դիմողներն են շատացել, քանի որ Հայաստանի մի շարք դպրոցներում իրականացվում է բարձրակարգ կրթություն և արտասահմանյան բուհերը հեշտությամբ ընդունում են մեր շրջանավարտներին»,– եզրափակեց Խաչատրյանը։
Նշենք, որ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր հայտարարեց, որ առաջին փուլի մրցույթի արդյունքում թափուր են մնացել անվճար 259 տեղ և վճարովի 5912 տեղ: Հույսը երկրորդ փուլի վրա է...
Մարիաննա Արամյան