Բնակապահովման և տեղահանվածների աջակցության ծրագրում հնարավոր են փոփոխություններ. Սանոսյանը խոստացել է վերանայել 

Բնակապահովման և տեղահանվածների աջակցության ծրագրում հնարավոր են փոփոխություններ. Սանոսյանը խոստացել է վերանայել 

Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագիրը, որը դժգոհությունների տեղիք է տվել անտուն մնացած հազարավոր փախստականների շրջանում, շարունակում է մնալ առաջնային ու կարևոր խնդիրներից մեկը։

Կառավարության առաջարկած ծրագրով մինչև 5 մլն դրամ աջակցություն պետք է տրամադրվեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ՀՀ-ում տուն կառուցելու կամ բնակարան ձեռք բերելու համար։ Սակայն, այդ բնակարանները և կամ կառուցելու համար հողհատկացումը տրամադրվում են սահմանամերձ բնակավայրերում։ 

«Հաշվի առնելով մեր հայրենակիցների դժգոհությունները, օրերս հանդիպել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նախագահի հետ։ Քննարկել ենք բնակապահովման ծրագրի վերանայման, ինչպես նաև 40+10 հազար դրամ և այլ աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր»,-  MediaHub-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։ 

Լիաննան, որ բոլորից ավելի քաջածանոթ է իր հայրենակիցների խնդիրներին, ներկայացրել է բնակապահովման ծրագրի գործող տարբերակով իրականացման անհնարինության, 40+10 ծրագրի շարունակականության անհրաժեշտության, ինչպես նաև տեղահանվածներին հուզող մյուս բոլոր խնդիրները։ Իր խոսքով՝ այդ խնդիրներն ավելի գլուխ կբարձրացնեն, եթե ընդհատվի տրամադրվող դրամական աջակցությունը։

«Նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ առկա խնդիրներն առաջնային են տեղահանվածների երկարաժամկետ սոցիալական հարցերի լուծման համատեքստում, և որ իրենց կողմից ևս կատարվելու են համապատասխան արձանագրություններ։ Առաջիկայում նշված հարցերի վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ, որի արդյունքում կլինեն վերանայումներ ու փոփոխություններ»,- ասաց մեր զրուցակիցը։

Արցախցի հասարակական գործիչն առաջարկել է այս և այլ խնդիրների կարգավորման շուրջ իրականացնել ակտիվ համագործակցություն Արցախից տեղահանված անձանց հետ, որպեսզի խնդիրների լուծումը լինի ավելի առարկայական, թիրախային և օպերատիվ։

«Հուսանք, որ  փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա, և մեզ համար դրանք կապահովեն ապագայի հանդեպ որոշակի  կանխատեսելիություն»,- հավելեց Լիաննա Պետրոսյանը։

Հունան Թադևոսյան