Մենք նորից պետք է ակտիվացնենք դեմ առ դեմ շփումը մեր հայրենակիցների հետ․ Սոս Հակոբյան

Ունենք մեկ ու կես տարի վատնված ժամանակ։ Այդ մասին այսօր Արցախի հարցերով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մենք ունենք պետություն, որը զուրկ է իր քաղաքացու անվտանգությունը պահպանելու կարողությունից։

«Մեր երկրի գոնե ձևական նախագահը խոսում է Ադրբեջանի սադրանքներից՝ ժպիտով ասելով՝ է հետո ինչ։ Մինչդեռ, միևնույն ժամանակ, թշնամի պետությունը հումանիտար աղետ է ստեղծում արցախցիների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հումանիտար աղետը լուծվեց ձեռքի հետ։

Ըստ Սոս Հակոբյանի՝ թշնամին ասում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է դուրս գա մեր օրակարգից, ու եթե սրան գումարվի այն, որ իշխանության ներկայացուցիչները Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի կազմում քննարկելի են համարում, արդեն ցույց է տալիս՝ պահը օրհասական է։

«Մենք նորից պետք է ակտիվացնենք դեմ առ դեմ շփումը մեր հայրենակիցների հետ։ Պետք է մտնենք հասարակական երկխոսության մեջ։ Մենք բաժանելու ժողովուրդ չունենք»,- նկատեց նա։