Բողոքի ակցիա Բրյուսելում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դադարեցման պահանջով

Բողոքի ակցիա Բրյուսելում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դադարեցման պահանջով

Հուլիսի 28-ին Բրյուսելի Եվրոպական խորհրդի շենքի առջև տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները պաստառների միջոցով կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։

Լուռ բողոքի ակցիայի ընթացքում ցուցադրված պաստառները ուղերձ էին միջազգային հանրությանը, հատկապես՝ Եվրամիությանը, անտարբեր չմնալու Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը։

Մասնակիցները պահանջել են, որ աշխարհը աչք չփակի անմեղ քաղաքացիների, երեխաների տառապանքների վրա, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը։

Մասնակիցները երեխաների հետ միասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ են հանձնել։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ ղեկավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ։

Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ և մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը և ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու և տուժածների տառապանքը մեղմելու գործում։