Ազնվամորին առողջության բալասան է, սակայն որոշ հիվանդությունների դեպքում խստիվ արգելվում է. որո՞նք են դրանք

Ազնվամորու պտուղը հարուստ է օգտակար նյութերով, այն պարունակում է մինչև 12% շաքարներ, 4-6% թաղանթանյութ, 2-3% օրգանական թթուներ (կիտրոն, գինի, խնձոր), պեկտինային նյութեր, դաբաղանյութ, ներկանյութ, ֆիտոնցիդներ։ Վիտամիններ (100 գրամ հումքի մեջ)` B1-0,02 մգ, B2-0,05, B5-0,2, PP-0,6, B6-0,07, բիոտին -1,9 մկգ, սալիցիլաթթու, սպիրտներ, կատեխին, նաև նատրիում, կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, պղինձ, երկաթ, կոբալտ, յոդ (2 մգ), ֆտոր, մոլիբդեն։
Դեղին ազնվամորու մեջ 1,5 անգամ մեծ է A ենթավիտամինի պարունակությունը։ Ավելի բարձր են դրա հակակոնցեռագեն հատկությունները, որն ալերգիա չի առաջացնում։
Սև ազնվամորու մեջ ռեկորդային է ռուտինի պարունակությունը` 7500 մգ` 100 գ հումքի մեջ։ Այն պաշտպանում է համակարգիչների ճառագայթումից։ Օգտակար է մազանոթներին, ունի արյունարգել, հակաուռուցքային հատկություններ։ Խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր աշխատում են առողջության համար վնասակար միջավայրում։
Ազնվամորին ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ։ Այն կարող է փոխարինել ասպիրինին, հատկապես օգտակար է չորացրած ազնվամորին, այն պարունակում է 20 անգամ ավելի սալիցիլաթթու, քան թարմը։
Ազնվամորին ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ և ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։
Ազնվամորին իջեցնում է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բուժում և կանխարգելում է աթերոսկլերոզը։ Ազնվամորու հակասկլերոտիկ հատկությունը բնորոշվում է դրա մեջ պարունակվող սիտոստերինով, որը հակազդում է խոլեստերինի առաջացմանը, իսկ հատապտուղների մեջ պարունակվող թաղանթանյութը հեռացնում է խոլեստերինը օրգանիզմից։
Ազնվամորու պտուղները օգտագործվում են մարսողությունը լավացնելու, ախորժակը բարձրացնելու, լուծի և փսխումի դեպքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին նպաստում է ինսուլինի արտադրմանը։ Շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում խմել 50 մլ հատապտղի հյութը սնվելուց 30 րոպե առաջ։
Ազնվամորու հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգտակար է զարգացող աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում։
Հակացուցված է նեֆրիտի, հոդատապի, երիկամներում օքսալատային քարերի առկայության դեպքում։
Զգուշացում։ Ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում և կոլիտով հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել ազնվամորու հյութը, սակայն արգելվում է հիվանդությունների սրացման շրջանում։