Պապոյանի դեմագոգիան, Վանեցյանի հստակ պատասխանը

Պապոյանի դեմագոգիան, Վանեցյանի հստակ պատասխանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տեսակետ է հայտնել, որ նրանց հաջողության դեպքում կստանանք պատերազմ, անհաջողության դեպքում՝ խաղաղություն. «Մենք խաղաղության օրակարգով ենք գնում, իրենք՝ պատերազմի։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Իրենց հաջողությունն ուղիղ պատերազմի է բերելու, անհաջողությունը՝ խաղաղության»։

Սա իշխանության ամենատխմար, հիմնազուրկ թեզերից մեկն է, որի նպատակն է՝ ընդդիմությանը ներկայացնել «պատերազմի մունետիկի» դերում, հասարակության մեջ ներշնչել վախեր։

Երեկվա ասուլիսում Արթուր Վանեցյանը հստակ պատասխան տվեց այս դեմագոգիային։

«Ես ձեզ վստահ ասում եմ, որ պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում, բայց մենք չենք էլ կանգնելու գլուխներս կախենք թշնամու առաջ և խաղաղություն աղերսենք»,- ասել է նա։

Արթուր Վանեցյանը նշել է, որ կան շատ ճանապարհներ, որոնք իրենք գիտեն, ունեն փորձ ու գիտելիք, որ թույլ չտան պատերազմ լինի։

«Ամենաշատը մենք ենք դեմ պատերազմին»,- նշել է Արթուր Վանեցյանը:

«Ազգակործան պատուհասներ»

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ գնահատական է տվել Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով «ազգակործան պատուհաս»։ Միայն այդպիսի իշխանության ներկայացուցիչները կարող են պատերազմը մեր տուն բերել, նվաստացուցիչ պարտություն կրել, իսկ հետո ընդդիմությանը մեղադրել պատերազմի հրձիգ լինելու մեջ։

Սա այն դեպքն է, որ Գևորգ Պապոյանը «կամավորագրվում» է ապագա մեղադրյալների բանակին՝ «պատվավոր» տեղ զբաղեցնելով Փաշինյանի կողքին։

Վահրամ Բագրատյան