Մեր դիրքերը շատ ուժեղ են․ Դավիթ Տոնոյանի փաստաբանը դատից մանրամասներ է հայտնում

Մեր դիրքերը շատ ուժեղ են․ Դավիթ Տոնոյանի փաստաբանը դատից մանրամասներ է հայտնում

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող «անպիտան հրթիռների» գործով հերթական դատական նիստին այս անգամ վկայի կարգավիճակով ներկա է եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը։ Հաջորդիվ կպատմենք, թե ինչո՞ւ է մինչեւ 2016թ․-ը ՀՀ պաշտպանության նախարար աշխատած Օհանյանը որպես վկա անցնում «անորակ հրթիռների» քրեական գործով, այն պարագայում, երբ հրթիռները գնվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ՝ 2018-2019թթ․-ների ընթացքում։ 

Ինչպես MediaHub-ին հայտնեց առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ այս նիստին նույնպես քրեական գործում առկա փաստաթղթերի հետազոտում է իրականացվել։ Սա նշանակում է, որ ռազմական գաղտնիք չհրապարակելու պատճառաբանությամբ դռնփակ նիստին որեւէ վկա չի հարցաքննվել։ 

«Սերյան Օհանյանը գործով անցնում է որպես վկա, բայց այս դատական նիստին իրեն չեն հարցաքննել։ Նախատեսվում էր, որ կավարտենք փաստաթղթերի ուսումնասիրության փուլը, ու կանցնենք վկաների հարցաքննությանը, բայց չհասցրեցինք։ Դատական նիստին կանչում են այն անձանց, ովքեր հարցաքննվել են։ Վկաներից ինչ-որ մեկը, եթե տեղեկություն հայտներ, որը ի վնաս մեզ կլիներ, առերեսում կանեին։ Բայց մինչեւ այս պահը միայն մեկ հոգու հետ է առերեսում եղել՝ Մակար Ղամբարյանի»,-ասաց փաստաբանը։ 

Ղամբարյանը 2018թ․-ից մինչեւ 2020թ․-ը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ Պաշտոնավարել է այն տարիներին, երբ գնվել են ենթադրյալ անորակ հրթիռները։ Խոսելով՝ հակակոռուպցիոն դատարանի անաչառության մասին, փաստաբան Հովհաննիսյանը շեշտում է՝ այն անաչառությունը, որ ակնկալում էին դատարանից, մինչեւ այս պահը չեն տեսնում։ 

«Տպավորություն է, որ դատարանի փոխարեն առկա են երկու դատախազներ։ Դա ասում եմ՝ կատարված հարցադրումներից, ընդհանուր պրոցեսից ելնելով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր դիրքերը շատ ուժեղ են, կարծում եմ՝ որքան էլ նման դիրքորոշում ունենա դատարանը, այնուամենանիվ ստիպված է լինելու հաշվի նստել գործում առկա փաստերի ապացույցների հետ»,-ասաց նա։

«Անորակ հրթիռների» գործով մեղադրող դատախազը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանն է։ Դատական նիստը նախագահում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը։

Դատական հաջորդ նիստը, որին ներկա կլինեն գործով անցնող բոլոր 7 մեղադրյալները՝ Դավիթ Տոնոյանը, բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը, ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, տեղի կունենա եկող երեքշաբթի։

Ավելի վաղ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերին մոտ 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի ժամկետանց, անորակ, նպատակային օգտագործման համար անպիտան հրթիռների գնումն է քրեական գործի հարուցման հիմք հանդիսացել։ Ուշագրավ է, որ մեղադրվող 7 նախկին բարձրաստիճան զինվորականներից միայն մի քանիսն են այս պահին կալանքի տակ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք նախարար նշանակված ու պատերազմից մի քանի օր անց պաշտոնից հեռացած Դավիթ Տոնոյանը ավելի քան 13 ամիս է կալանքի տակ է։ Դատարանը չբավարարեց գրավի դիմաց Տոնոյանին ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը, այնինչ մյուս մեղադրյալների դեպքում կա՛մ փոխվել է խափանման միջոցը, օրինակ Դավիթ Գալստյանինը, կա՛մ էլ կալանավորման միջնորդություն չի ներկայացվել։ 

«Անպիտան հրթիռների» գործով 11 ամիս առաջ սկսված դատավարության դեռեւս գրավոր ապացույցների հետազոտման փուլն է։

Լիա Սարգսյան