Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արդեն հինգերորդ օրն է, ինչ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն մինչեւ այսօր նրան փոխարինող չի նշանակվել, այնինչ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար արդեն նշանակվել է Ժաննա Անդրեասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի թեկնածուի հարցում երկընտրանքի եւ փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ այս ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա նշանակումն ուշանում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ որոշում չունի: Այս հանգամանքն էլ իր պատճառներն ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Պետական վերահսկողական ծառայությունն այս անգամ էլ որոշել է ուսումնասիրություն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հատատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում եւ Հայփոստում:
«Հրապարակ» թերթը գրում է.
Ռուս խաղաղապահներին մոտ աղբյուրից հավաստի տեղեկություն ստացանք, որ ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։
«Հրապարակ» թերթը գրում է.
Թվում էր, թե Արցախի ճանապարհը փակելու առաջին իսկ րոպեներից հայաստանյան իշխանություններն աշխարհին «SOS» կհնչեցնեին՝ պատգամավորները, ԱԳՆ-ն, սորոսականները կկապվեին իրենց բոլոր գործընկերների հետ եւ միջազգային ճնշում կապահովեին։ Սակայն անգամ աղմուկ բարձրացնելու հարցում սրանք անկարող են։ Քառօրյա բլոկադայից հետո միայն՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո որոշ ՔՊ-ականներ արթնացան թմբիրից եւ սկսեցին նամակներ գրել։
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարությունը մտադիր է օտարերկրյա քաղաքացիներին եւս պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրել։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են նախատեսում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշման մեջ։ Նախագծի հեղինակները նման փոփոխության ընդունումը բացատրել են այսպես․ «Առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, չեն բավարարում ՀՀ կառավարության 1997 թ․ նոյեմբերի 29-ի որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ ՀՀ-ում բնակվել են սահմանված ժամկետից քիչ), հետեւաբար, նրանց հնարավոր չի լինում տրամադրել պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ իրազեկման կամ բողոքի հանրահավաքներին չեն մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցության անդամները: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում կառավարական կաբինետի ղեկավարումը ստանձնելուց զատ, իրենց քաղաքական ուժն արդյոք նաեւ այս հարցում է կիսում արցախյան իշխանությունների քաղաքական բեռը, ու ինչով է բացատրում հանգամանքը, որ իրենց կուսակիցները հանրահավաքներին չեն մասնակցում:
««Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի համար կազմակերպվող հանրահավաքներին մասնակցելիս չեն նշում, որ կուսակցական են: Կուսակցության անդամները եւ՛ երեկ, եւ՛ դրա առաջին օրը բողոքի բոլոր միջոցառումներին մասնակցել են, բայց այդ մասնակցությանը կուսակցական երանգ տալու անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ մասնակցում ենք, բայց չենք նշում, որ կուսակցությունը ներկա է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանն ու ավելացրեց, որ այս հարցի շրջանակներում կուսակցական գործունեություն ծավալելը ո՛չ արդյունավետ է, ո՛չ էլ ճիշտ: Իսկ ի՞նչ արդյունավետություն ունի ծպտված մասնակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակ է արդեն 5 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի դիրքորոշումները կամ մոտեցումները որեւէ հարցի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում հրապարակվում են նախագահի պաշտոնական կայքում եւ սոցիալական հարթակների պաշտոնական օգտահաշիվներում: Լաչինի հումանիտար միջանցքի անխափան գործունեությունը պետք է իրականացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Միջանցքի ապաշրջափակումը եւ գազամատակարարման վերականգնումը կենսական անհրաժեշտություն է Արցախի բնակչության համար, որը կանգնած է հումանիտար լրջագույն ճգնաժամի վտանգի առաջ», – ասված է պատասխանում: