Կրեմլը՝ ՌԴ եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորության մասին

Կրեմլը՝ ՌԴ եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորության մասին

ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը՝ կարգավորման պայմանագրի ստորագրման համար, կախված կլինի փաստաթղթի մոդալությունից, այն դեռ պետք է համաձայնեցվի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Դա կախված կլինի այն փաստաթղթի մոդալությունից, որը դեռ պետք է համաձայնեցնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչն ի պատասխան այն հարցի, թե արդյոք իսկապես նախատեսվում է այդպիսի անձնական շփում, թե փաստաթուղթը կարող է ստորագրվել անմիջականորեն նախագահների ներկայությամբ։

«Կարող եմ միայն փաստել, որ ռուսական պատվիրակությունն անհամեմատ ավելի արագ աշխատելու պատրաստակամություն է ցուցաբերում, քան դա արվում է այժմ։ Ցավոք, ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների տեմպի արագացման պատրաստակամություն չի ցուցաբերում»,- նշել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ համաձայնագրի պատրաստման աշխատանքն ավարտելուց հետո։ Քաղաքական գործչի գնահատմամբ՝ դա հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում։