Ի՞նչ է կատարվել ԱԺ գնալու ճանապարհին, ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը կռվախնձոր է․ Մամուլը՝ սուրճով

Ի՞նչ է կատարվել ԱԺ գնալու ճանապարհին, ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը կռվախնձոր է․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը թեեւ խոր արմատներ ուներ, բայց կոնկրետ նրա մի քայլը դարձել է ճակատագրական:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իրավապահ համակարգը Ատոմյանին համարել է թույլ ղեկավար եւ ուշագրավ բացահայտումներ արել նրա ղեկավարման շրջանում: Նրա հեռացումը ձգձգվում էր, քանի որ դեռ հարմար կադր չունի Նիկոլ Փաշինյանը, բացի այդ, օգոստոսի 1-ին նա գաղտնի որոշում է կայացրել, ինչի պատճառով Փաշինյանի հրահանգով անմիջապես ազատվել է պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուկեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար: ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝պայմանով, որ ոչ ոք չիմանա:

Բայց, ի վերջո, նախարարությունից, նաեւ ԱԺ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջանքերով ինֆորմացիան հասել է կառավարության ղեկավարին, և Նիկոլ Փաշինյանը բարկացած հրահանգել է իր խմբակցության նախկին պատգամավոր Ատոմյանին հեռացնել ՔԿՀ ղեկավարի պաշտոնից:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Սերգեյ Ատոմյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց.«Տեղեկությունները սուտ են։ Ինձ նման հարցով չեն դիմել. եթե դիմեն, ու որեւէ բան օրենքի շրջանակներից դուրս է, որեւէ քայլ չի կարող այս կողմ այն կողմ լինի, ում հետ ուզում է կապված լինի»։

Իսկ մեր աղբյուրները պնդում են պաշտոնանկության ներկայացված իրական պատճառը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել: Ինչպես հայտնի է, ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ թե ովքեր են օգնելու Փամբուխչյանին նախընտրական և ընտրական գործընթացները համակարգելու հարցում, որոշված չէ:

Բանն այն է, որ, մի կողմից, քաղաքապետի ՔՊ թեկնածուն է փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն է կռիվ տալիս, ուզում է իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում:
Ավինյանը նպատակ ունի տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երևանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

Թե վերջում ինչ ելք կունենա այս պայքարը, արդեն կորոշի Նիկոլ Փաշինյանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է»։