ԲՀԿ-ն չունի որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին. Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ի պատասխան մամուլում այսօր հրապարակված «Ծառուկյանի ռեսուրսն Ավինյանի համար է աշխատելու» «Էքսկլյուզիվ» վերլուծության` նախ պետք է արձանագրեմ, որ հոդվածում ներկայացված դիտարկումներն այնքան խառն էին ու հարուստ ենթատեքստերով, որ արձագանքելու նպատակահարմարությունը հարցականի տակ էր, բայց քանի որ լրատվամիջոցներին հետաքրքրում է սույն հրապարակման վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը, ապա տեղեկացնեմ.
1. ԲՀԿ-ն չունի քաղաքական որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին:
2. ԲՀԿ-ում այս պահին ընթանում են ներքին քննարկումներ և խորհրդակցություններ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում նման դիրքորոշում էր հայտնել նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանը։
«Այս պահին քաղաքապետի ընտրություններին մասնակցելու դիրքորոշում դեռ չունենք։ Բայց վստահ եմ, որ Ավինյանին օգնելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Մենք այս պահին էլ դեռ քննարկում ենք մասնակցության հարցը, բայց, որ ԲՀԿ-ն պետք է օգնի Տիգրան Ավինյանին, բացառում եմ»,- նշել էր նա։