Twitter-ի համար օգտատերերի զանգվածային արտահոսք են կանխատեսել՝ նոր գործառույթի պատճառով

Twitter սոցիալական ցանցին օգտատերերի զանգվածային արտահոսք է սպառնում՝ ընկերությունների եւ պաշտոնյաների համար վճարովի հաշիվների ներդրման դեպքում, Lente.ru-ին հայտնել է Սոցիալական ցանցերի եւ մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի (ՍՑՄՊՕԱ) տնօրեն Վլադիմիր Զիկովը։
«Սովորաբար նման քայլերը հանգեցնում են նրան, որ քաղաքական գործիչները եւ ընդհանրապես օգտատերերը սկսում են հեռանալ հարթակից»,- կանխատեսել է նա։
Մասնագետը ասել է, որ ոչ բոլոր օգտատերերը պատրաստ կլինեն վճարել սոցիալական ցանցի համար, որը սովոր են անվճար համարել։
«Հնարավոր է, Մասկը որոշակի հետազոտություն է արել եւ եկել է այն եզրակացության, որ օգտատերերը պատրաստ են վճարել: Բայց ընդհանուր առմամբ, ցանկացած վճարի ներդրումը, չնայած այն բանին, որ կան այլընտրանքային ծառայություններ, որոնք անվճար են աշխատում, հանգեցնում է նրան, որ օգտատերերը հեռանում են»,- բացատրել է Զիկովը:
Նա պարզաբանել է, որ ներկայումս չի նշվում, թե ինչպես է Twitter-ը տեսակավորելու օգտատերերի պրոֆիլները։
«Եթե ես որոշ ժամանակ անց փոխեմ իմ պաշտոնը եւ դառնամ պետական գործիչ, կհետեւե՞ն ինձ արդյոք Twitter-ի ներկայացուցիչները, որպեսզի իմ հաշիվը վճարովի դարձնեն»,- տարակուսել է ՍՑՄՊՕԱ-ի ղեկավարը։