Պենտագոնը դիտարկում է ԱՄՆ Զինված ուժերի ղեկավարության զգալի կրճատումներ

Պենտագոնը դիտարկում է ԱՄՆ Զինված ուժերի ղեկավարության զգալի կրճատումներ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ փող խնայելու ցանկության ֆոնին, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով գերատեսչության համապատասխան փաստաթուղթը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Պենտագոնի ծրագիրը նախատեսում է եվրոպական (EUCOM) և աֆրիկյան հրամանատարությունների (AFRICOM) միավորումը մեկ ստորաբաժանման մեջ, որի շտաբը տեղակայված է Գերմանիայի Շտուտգարտում, նաև Միացյալ Նահանգների հյուսիսային (NORTHCOM) և հարավային (SOUTHCOM) հրամանատարությունների միացումն AMERICOM-ին։
Գերատեսչությունը դիտարկում է նաև համատեղ հրամանատարությունների ուսուցման և կրթության համար պատասխանատու գերատեսչության վերացման և Ճապոնիայում ամերիկյան զորախմբի գործունեությունը դադարեցնելու հնարավորությունը։
AFRICOM-ը որպես առանձին ստորաբաժանում ստեղծվել է 2007 թվականին։ CNN-ը նշել է, որ NORTHCOM-ը և SOUTHCOM-ը միշտ գոյություն են ունեցել առանձին, քանի որ դրանք կենտրոնացել են անվտանգության տարբեր առաջնահերթությունների վրա։
Այս կրճատումները թույլ կտան հինգ տարվա ընթացքում խնայել մոտավորապես 330 միլիոն դոլար: