«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ»․ Փարիզում կազմակերպվել է միջոցառում՝ ի աջակցություն Արցախի

«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ»․ Փարիզում կազմակերպվել է միջոցառում՝ ի աջակցություն Արցախի

Հունիսի 28-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացավ «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող բացառիկ երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված այս եզակի երեկոյի ընթացքում Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով, ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչներ բարձրաձայնեցին աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին ներկայացրեցին արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները, հաղորդում են դեսպանությունից։ 

Շուրջ 1000 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Արցախահայերի հուզառատ նամակներն ընթերցեցին ֆրանսիացի անվանի արվեստագետներ Արիան Ասկարիդը, Վալերի Կարսենտին, Ռոմեն Ռոնդոն, Գվենդոլին Գուրվենեկը, Մելանի Բերնիեն, Ան Լը Նին, Կամիյ Կլարիսը, Մայա Սենսան և Ալիքս Բենեժեկը։

Երեկոյի ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան նաև ֆրանսիացի մի շարք անվանի մտավորականներ և գրողներ, որոնց թվում էին հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, «Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը։

Մտավորականներն ահազանգ հնչեցրեցին Ադրբեջանի կողմից շուրջ 200 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակի և այն սպառնալիքների կապակցությամբ, որոնց Արցախի ժողովուրդն այսօր առերեսվում է։ Նրանք իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին՝ ընդգծելով շրջափակումն անհապաղ վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու նպատակով միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, երգչուհի Աննա Շեդիդը և Madame Monsieur խումբը։

Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Նա երախտագիտություն հայտնեց ֆրանսիացի մտավորականներին և արվեստի գործիչներին՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի նրանց աննախադեպ համախմբվածության և համերաշխության համար։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, մի քանի տասնյակ լրագրողներ, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ։