Ճակատագրական երկընտրանք՝ կմնա կա՛մ Արցախը, կա՛մ Փաշինյանը

Ճակատագրական երկընտրանք՝ կմնա կա՛մ Արցախը, կա՛մ Փաշինյանը

Արցախում իսկական մասշտաբային մարդասիրական աղետ է։ Ի՞նչ պիտի աներ այս ֆոնին մեղսունակ հայաստանյան իշխանությունը՝ նույնիսկ ամենածայրահեղ միջոցներով հասներ իր հարյուր հազարավոր հայրենակիցների փրկությանն ու կենսապահովմանը։ Ի՞նչ է անում Փաշինյանի խունտան՝ ոչ միայն հրապարակավ հրաժարվում է Արցախի ժողովրդի գոյապահպանման (ոչ թե նույնիսկ անվտանգության, այլ հենց կյանքի) իրավունքի երաշխավորումից, այլև Երևանի տաքուկ ամառանոցներից ամեն ինչ անում է՝ կոտրելու, ընկճելու արցախցու կամքը, մղելու նրան անհուսության, անելանելիության։

Մի թուլակամ արկածախնդիր իր անգործությամբ փաստացի պատանդ է պահում ամբողջ արցախահայությանը՝ որևէ քայլ չձեռնարկելով նրանց կյանքի ճանապարհը բացելու ուղղությամբ։ Սարսափ է գիտակցելը, որ պատերազմի, հումանիտար ճգնաժամի և այլ աղետների դեպքում դեռևս այս անձի ձեռքին են կառավարման լծակները, ավելին՝ կոմպրոմատների ուժով՝ ունի անսահմանափակ իշխանություն իր թիմակիցների վրա, և կան այս ամենը հանդուրժողներ ու նույնիսկ արդարացնողներ։ Այն անձինք, որոնք հիմա էլ արցախահայության ցեղասպանության իրական վտանգի մեջ չեն տեսնում Փաշինյանի մեղքը, ի՞նչ ասես նրանց, ի՞նչ փաստարկներով համոզես, ինչպե՞ս հասկանաս այդ մարդկանց, ի վերջո՝ ինչպե՞ս համակերվես նրանց մտածողության և անգամ գոյության հետ։

Մեր հավաքական հոգին ամեն օր սպանվում է, նվաստանում, ու դեռևս չի նշմարվում այն գործուն ճանապարհը, որն արագ ներքաղաքական փոփոխություններով վերջ կդներ Արցախի հայության գոյաբանական ճգնաժամին։ Հանրային լայն արձագանքի բացակայության հարցում մեղքի լուրջ բաժին ունեն նաև իրենց մտավորական հորջորջող, բավականաչափ գիտակցություն ունեցող, խոհանոցներում դժգոհող, բայց վարչախմբի հանդեպ ցուցադրական լոյալություն դրսևորող անձինք։ Նրանց հավանաբար հաճելի է ստորացված ապրելը, երբ զրոյացնում են տասնամյակներով ձևավորված իրենց բարի անունն ու համբավը։ Նրանք ապրում են ոչ թե իրական, այլ մի հնարովի և երևակայական երկրում՝ «Հայլուրի» Հայաստանում, որտեղ եթե չխոսես հիմնախնդրից, այն չնկատելու տաս, ուրեմն այն գոյություն չունի։

Արցախի հայությանը փաստացի բնաջնջման եզրին կանգնեցնելու ֆոնին արժե հասկանալ՝ ո՞ր երկրի վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։ Ո՞ւմ են ներկայացնում խորհրդարանի ՔՊ խմբակցության անդամները, օրինակ՝ Ալիևից ավելի Ալիև Գագիկ Մելքոնյանը։ Ընդունված է կարծել, որ կառավարող այս թիմը կասկածելի անցյալով, անհայտ ծրագրերի սպասարկու, քաղքենի, կիսագրագետ, հակազգային, գավառական պատկերացումներով խավ է, բայց ոչ՝ իրականում նրանք Միլի Մեջլիսի պատգամավորի թեկնածուներ են, որոնց անթաքույց նպատակը պետականության լուծարումն է։ Այս հրեշավոր խմբակին պետք է հակադրվի այլընտրանքային, լուսավոր, իրատեսական ծրագիր և թիմ, որը դուրս կբերի Արցախն ու Հայաստանն այս կործանարար ընթացքից։

Իրավիճակն այսօր շատ ավելի բախտորոշ է, քան երկու տարի առաջ՝ պարտությունից հետո։ Հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ընտրության, լինելիության ճամփաբաժանի, եթե կուզեք՝ անգամ քաղաքակրթական երկընտրանքի առջև։ Եթե այս աղետից հետո էլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, դա նշանակելու է հայ ժողովրդի քաղաքակրթական ընթացքի հերթական, միգուցե վերջին գահավիժումը, տանուլ տված ճակատամարտը։ Ընդդիմադիր քաղաքական դասը, որը բոլոր ոլորտներում Փաշինյանի գործած հսկայական ավերները տեսնելով, հավանաբար երկմտում է՝ այդ վիճակում ժառանգե՞լ արդյոք իշխանությունը, թե ոչ, պետք է իրեն հաշիվ տա, որ այսօր միակ գերխնդիրը Արցախի հայության փրկությունն է, և համախմբվի դրա իրագործման հստակ մեխանիզմի շուրջ։

Հակառակ դեպքում Արցախի շրջափակման պատճառով գեթ մեկ հայի մահվան պարագայում որևէ քաղաքական ուժ իրավունք չպիտի ունենա վերամբարձ խոսքեր ասելու, քանի որ կարող էր գործել, «պետությունը կայացնելու» մասին դատարկ խոսքերի փոխարեն՝ զբաղվել իրապես գործուն քայլերով, սակայն նախընտրեց մնալ մեռյալ և ծախու քաղաքական համակարգի մի մասը և չգնալ ինքնազոհողության։

 

Դավիթ Սարգսյան