Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ

Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մարտի 5-ին Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ․-ն և նրա կինը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տաթևիկ Ե․-ն այցելել են Էջմիածին քաղաքի Նար Դոս փողոցի 1 հասցեում գործող ոսկու առևտրի սրահ և գնել ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Մ․-ից գնված ոսկյա զարդերի դիմաց ամուսինները վճարել են 600 ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Մ․-ին և Տաթևիկ Ե․-ին հայտնաբերելու ուղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: