Պետությունը, քաղաքական համակարգն ու հանրույթը՝ անբուժելի հիվանդ

Պետությունը, քաղաքական համակարգն ու հանրույթը՝ անբուժելի հիվանդ

Ինչպես էլ հանգուցալուծվի Արցախի մարդասիրական ճգնաժամը, երբ և ինչ գնով էլ բացվի կյանքի ճանապարհը, անտանելի ծանր է լինելու այս անպաշտպան հոգեբանական վիճակից դուրս գալը, և հետտրավմատիկ համախտանիշը դեռևս երկար ժամանակ չի հաղթահարվելու։

Որքան էլ շատերն Ամանորի նախապատրաստման իմիտացիայով զբաղվեն, գիտակցում են, որ ցավը սարսափելի խորն է, վտանգը՝ անմիջականորեն իրենց սպառնացող։ Այս դրամատիկ իրավիճակից հետո էլ Փաշինյանի վարչախմբին արդարացնող սակավաթիվ ծանծաղամիտներն ուղղակիորեն պետականության լուծարման հանցակից են դառնալու։

Մոտեցող տարեմուտը պիտի ապազգային իշխանության հեռացման հանգրվան դառնա։ Ի բնե պիտի բացառվի վարչախմբի կազմակերպած ընտրություններին մասնակցության հնարավորությունը, այդ անհեթեթ գործելակերպը միայն կերկարաձգի սրանց պաշտոնավարումն ու կենսունակությունը։ Ինչպես 2021-ին, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները ևս վստահաբար կեղծվելու են ատելության խոսքի լիուլի կիրառմամբ և վարչական ռեսուրսի բիրտ չարաշահմամբ։ Այլ բան սպասել մեկից, որն անթաքույց ոչ թե Հայաստանին է ծառայում, այլ թշնամական թելադրանքով հետևողականորեն ոչնացնում է պետությունը, անմտություն է։

Փաշինյանի զրոյական վարկանիշի մասին է խոսում այն, որ նա վաղուց այլևս մարզեր չի այցելում։ Եթե 2021-ի նախընտրական ներկայացումները, տեղերում իշխանիկների հավաքագրած մի քանի հարյուր մոլորյալներն էլ չլինեին, նա կատարյալ մեկուսացման մեջ կհայտնվեր։ Մինչդեռ, հավանաբար, նա հավատացել էր իր իսկ թիմի հեղինակած «ժողվարչապետի» փնթի բեմադրություններին, մեկ էլ հանկարծ պարզել, որ, օրինակ, Սյունիքում նույնիսկ դա չի հաջողվել։

Ուշագրավ է, որ 2021-ին արտահերթ նշանակելու նպատակով Փաշինյանի հրաժարականը հաջորդեց «սյունյաց ողջույններին», երբ հատկապես Կապանում և Քաջարանում նրան ոչ ոք չընդունեց, հասկացրին, որ իրեն իբրև պետության կառավարիչ չեն ընդունում։ Վաղուց հասունացել է Փաշինյանին նոր սյունյաց կամ արցախյան ողջույններ հասցնելու ժամանակը՝ հերթական, մի վերջին հրաժարականի հարկադրանքի մղումով։ Քանի դեռ նա զբաղեցնում է կառավարական շենքը, մեր պետությունը, քաղաքական համակարգն ու հանրույթը հիշեցնում են քաղցկեղով տառապող անբուժելի հիվանդի, որին որևէ բժիշկ ո՛չ բուժում է, ո՛չ էլ ապրելու հույս է տալիս։ Հիվանդն էլ, ցավոք սրտի, ինքնաբուժմամբ է զբաղված, որը, սակայն, չի փրկելու նրան, միայն կարող է որոշակիորեն մեղմել ցավերը։

Այս վարչախմբի խարանը շարունակում է մնալ այն, որ բացի սեփական նենգ քարոզչական նպատակներից՝ այն որևէ կերպ չի զբաղվում պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների և կամավորականների աջակցության հարցերով։ Հասարակության բոլոր աշխատող անդամների դրոշմանիշային վճարներից գոյացող փոխհատուցումների տրամադրումը սրիկայաբար որպես սեփական մեծահոգություն են ներկայացնում։ Մինչդեռ պետք էր նախևառաջ սփոփել զոհերի ընտանիքներին, լինել նրանց կողքին, չանտեսել, ներկա լինել հոգեհանգիստներին և հուղարկավորություններին, պարզ մարդկային ցավակցության խոսքեր հղել։ Բայց ոչ, մեր լուսավոր նահատակները հո Թուրքիայում որևէ բռնարարքից կամ տարերային աղետից տուժած անձի՞նք չեն, որ այս վարչախումբը վշտակցի նրանց ընտանիքներին։

Այսօր արդեն զոհերի ընտանիքներին վարչախմբի որևէ սփոփիչ խոսք երեսպաշտություն ու անբարոյականություն է։ Կան ընտանիքներ, որտեղ միակ զավակը պատերազմում զոհվել է, բայց իշխանության որևէ ներկայացուցիչ ոտք չի դրել նրանց տուն։ Շատ զոհերի ծնողներ արդարացիորեն իրենք են արգելում նրանց մուտքն իրենց տուն՝ պնդելով, որ մարդասպանը չի կարող զոհի տուն այցելել։ Հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց բացառության, շարժիչ ուժը, առաջմղողն ու պահանջատերը պիտի դառնան պատերազմի զոհերի հարազատները։ Եվ քաղաքական փոփոխությունն իրեն երկար սպասել չի տա։

 

Դավիթ Սարգսյան