Դուք տականք եք, որին պետք էր վերացնել․ Արթուր Սահակյանը՝ «Սունդուկյանի» ղեկավարությանը 

Դուք տականք եք, որին պետք էր վերացնել․ Արթուր Սահակյանը՝ «Սունդուկյանի» ղեկավարությանը 

Մենք շարունակում ենք թատրոնի մուտքի մոտ նստացույց իրականացնելը և սպասում ենք դատարանի պատասխանին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է։ Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Այս ամենին զուգահեռ, մինչ գործը քննվում է դատարանում, Սունդուկյանի ղեկավարությունը որոշել և փակել է «Գոյի» դռները։ Այս ամենին Կառավարությունից որևէ արձագանք չի եղել, թեև դերասանները դիմել են թե՛ Կառավարությանը, թե՛ ԿԳՄՍ նախարարին։

Ըստ Սահակյանի՝ իրենք նախարարությունից դեռևս որևէ արձագանք չեն ստացել։ «Որևէ արձագանք չի եղել։ Էդ մարիոնետները որևէ մարիոնետություն չեն արել, դե պետք է վերևներից հրաման լինի, որ մի բան անեն։ Միայն կարող է վաֆլի բերեն նստացույց անողներին, դա իրենց մաքսիմումն է»,- նշեց Սահակյանը։

Սահակյանը հիշեցնում է՝ թատրոնի դուռը հանցագործի նման են փակել, գիշերով, երբ մարդ չի եղել տարածքում։

«Եթե մարդ լիներ թատրոնում, նրանք կսարսափեին ներս մտնել։ Մտել են, դուռը կողպել են, գրել են՝ «մտեք էն կողմից»։ Մենք էլ էն կողմից մոտեցել ենք, ասում են՝ «դե թուղթ լրացրեք, որ ներս մտնեք»։ Հիմա «Սունդուկյանը» մեր իրավահաջորդն է, բայց սրիկայաբար, դատարանից հետ է վերցրել այն բողոքը, որ մենք ներկայացրել էինք իր դեմ։ Այսինքն՝ որպես իրավահաջորդ չի դրսևորվել «Սունդուկյանը», այլ՝ որպես սրիկա։ Մենք էլ ասում ենք՝ «դուք չեք մեր իրավահաջորդը, չեք էլ կարող լինել՝ ֆիզիկապես, ճակատագրով, ծնունդով։ Դուք տականք եք, որին պետք էր վերացնել, բայց մենք բարեհաճ ենք գտնվել ու չենք վերացրել»»,- նկատեց նա։

Արթուր Սահակյանը վստահեցնում է՝ Սունդուկյանի այս ղեկավարության հետ որևէ հաշտեցում չի լինելու։ 

«Էս Վարդանիկով, Հրաչուհիով, էդ կազմով ի՞նչ հաշտեցում։ Սունդուկյանում կան դերասաններ, որ մեր ընկերներն են, գաղափարապես մեզ հետ են, իսկ մնացածը ահաբեկվողներ են, ենթակա մարդիկ են, ռեժիմային աշխատողներ»,- ամփոփեց խոսքը Արթուր Սահակյանը։

Նարե Գնունի