Ե՞րբ տեղի կունենա Snoop Dogg-ի համերգը Երևանում

Ե՞րբ տեղի կունենա Snoop Dogg-ի համերգը Երևանում

Սկանդալային համբավ վայելող Snoop Dogg-ի համերգը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 23-ին, սակայն Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի և արցախցիների բռնի տեղահանման հետ կապված՝ որոշում էր կայացվել հետաձգել համերգը։ Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց. «Համերգը տեղի է ունենալու հավանաբար հաջորդ տարի (2024)՝ մայիս-հունիս ամիսներին»։

Այս ընթացքում շատ էին քննարկումներն այն հարցի շուրջ, որ համերգը հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա: Երգչին փոխանցված հոնորարն էլ չվերադարձվի:

MediaHub-ը հետաքրքրվեց կազմակերպիչներից՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ից, թե ի վերջո՝ համերգը տեղի կունենա՞:

«Համերգը տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին, այժմ աշխատում ենք, որ հնարավորինս շուտ կոնկրետ օրը հայտարարենք»,- հայտնեցին «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ից։

Ինչ վերաբերում է համերգի անցկացման վայրին, կազմակերպիչ ընկերությունից հայտնեցին, որ այս պահին կոնկրետ վայր չեն կարող նշել և չի բացառվում, որ նախապես հայտարարված վայրը մնա անփոփոխ՝ «Հրազդան» մարզադաշտը: 

Հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը անցած տարվա օգոստոսի 11-ին ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:  

Մարիաննա Արամյան