Քույրը փոխմարզպետ, եղբայրը կառավարության աշխատակազմում, Ովքե՞ր են բյուջեի հաշվին պետական տուրիստները. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ մեկնելու են Շվեյցարիա՝ մասնակցելու սեպտեմբերի 3-6-ը ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցի դիտարկման գործընթացին:
Եվ այնքան է կարեւորվել այս միջոցառումը, որ Փաշինյանը որոշել է գրեթե բոլոր նախարարություններից ներկայացուցիչ ուղարկել Ժնեւ:
Եվ այսպես՝ Տաթեւիկ Ստեփանյանը, Մերի Գասպարյանը կգնան պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Կարինե Սուջայանը եւ Սոֆյա Մարգարյանը՝ արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ կրկին պետբյուջեից:
Արմեն Գասպարյանը կգնա առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ Լեւոն Բալյանն ու Սյուզան Ղարդյանը՝ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
ՀՀ երկար անվանում ունեցող՝ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարության ֆինանսավորմամբ, Արթուր Մարտիրոսյանը Ժնեւ կգործուղվի, իսկ Ռուսլան Մարանդյանը կգործուղվի ներքին գործերի նախարարության հաշվին:
Ահա, թե մի զեկույցի դիտարկման համար քանի պաշտոնյա է մեկնում արտերկիր. իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստներ են նրանք»:
«Հրապարակը» գրում է․ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը երեկ իր թիմով՝ կառավարության ներկայացուցիչներով, պատգամավորներով, այցելել էր Արարատի մարզ, շրջել տարբեր համայնքներում, սակայն տարօրինակ կերպով Տիգրանաշեն չի այցելել, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման օրակարգի առանցքում է՝ որպես Ադրբեջանին հանձնվելիք «անկլավ»։ Այս փաստը մտահոգություններ է առաջացրել նաեւ Փաշինյանի թիմում, քանի որ վարչապետը հասել է Սեւակավան՝ Տիգրանաշենի քթի տակ, բայց խուսափել է այցելել գյուղ։ Ի դեպ, Փաշինյանի մարզային այցերի կարեւոր բաղադրիչ են դարձել մարզային իշխանության եւ ուժային կառույցների պատասխանատուների շարքով «չեստ» տալու արարողակարգն ու նման տեսանյութերի հրապարակումը:
Կառավարության մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անձամբ է հրահանգել սկզբից մինչեւ վերջ հրապարակել այդ տեսարանը՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն ընդունում, որ համոզի հանրությանը, թե ինքն իրավիճակը կառավարում է եւ երկրում հարգանք է վայելում: Բանն այն է, որ մարզերում ուժային կառույցների ղեկավարությունը միշտ չէ, որ նիկոլականներ են կամ հավատավոր ՔՊ-ականներ, եւ Փաշինյանն այդ մասին քաջատեղյակ է ու այդ կադրերով փորձում է «կոտրել» բոլորին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ստորեւ ներկայացվող ՔՊ-ական իշխանության միջին չինովնիկների փաստաթղթերի բովանդակությունը վիճակագրորեն տարածելով ողջ կառավարության մասշտաբով կստանանք աղետի հասնող, պետական կոռուպցիոն կայուն ինստիտուտ։
Այսպես, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։
Հաջորդ հայտարարագրով այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, եւ ոչ թե լրագրողները։
Ուսումնասիրում ենք Միլադա Հովհաննիսյանի եղբոր հայտարարագիրը. նա Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեեւ ներկայացնում է համեստ իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երեւանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձեւական կողմը եւ չի արտացոլել ինչ-որ վարկ իբրեւ գումարի ծագման աղբյուր։
Առավել ուշագրավ է քույր ու եղբոր փոխկապակցված անձի՝ նրանց հոր Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի նա չունի ոչ մի լումա դրամական միջոց, ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջի փաստերը, որպես օրենքի տեսանկյունից «երրորդ անձից ստացված տեղեկություն», արձանագրում են փոխմարզպետի եւ եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է (լուսանկարները կցվում են)։
Ավելորդ ենք համարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հորդորել, խնդրել վերջապես զբաղվելու իշխանավորների իրավախախտումներով։
Միայն միջազգային կառույցների համար փաստենք, որ ՀՀ-ում կոռուպցիան կրում է ինստիտուցիոնալ բնույթ եւ ենթադրյալ օրինախախտի ՔՊ-ական լինելու դեպքում՝ բացահայտ կերպով անտեսվում է իրավապահների կողմից»:
«Փաստի» հետ զրույցներում շատ տնտեսագետներ ոչ մեկ անգամ շեշտել են, որ Հայաստանի տնտեսության իրական վիճակի առումով յուրօրինակ բնութագրիչ է այն հանգամանքը, թե ինչ դիրք ունեն արտադրողները խոշոր հարկատուների ցանկում:
Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում հատկապես վերջին տարիներին առաջատար դիրքերում են վառելիք, տեխնիկա, մթերք ներմուծող-վաճառողները, բանկերը: Նույնը վերաբերում է 2024 թ. առաջին կիսամյակի ցանկին: Ինչ վերաբերում է արտադրողներին, ապա այս տարվա հունվար-հունիսի տվյալներով, նրանք լավագույն հիսնյակում ընդամենը 8-ն են, իսկ հարյուրյակում, ինչպես և նախորդ առնվազն երկու տարում, նրանց թիվը չի անցնում մեկուկես տասնյակը:
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ արտադրողների պարագայում նկատի չի առնվել հանքարդյունաբերությունը, քանի որ այս ոլորտի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցակցությունից դուրս է ոչ միայն հանքարդյունաբերության մեջ, այլև ընդհանրապես. ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ գլխավորում է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Արտադրողների մեջ ամենաբարձր դիրքերում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր ցանկում չորրորդ հորիզոնականում է: Հաջորդը նույն հոլդինգի մեջ մտնող «Ինթերնեյշնլ Մասիս տաբակն» է. այս ընկերությունը ցանկում 11-րդ հորիզոնականում է: Արտադրողների «լավագույն եռյակը» եզրափակում է «Կոկա-կոլա» ընկերությունը՝ ցուցակում զբաղեցնելով 25րդ հորիզոնականը: Ընդ որում, եթե առաջինը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը 1 հորիզոնականով, իսկ երրորդը՝ երկու, ապա «Կոկա-կոլան» բարելավել է դիրքերը 7 հորիզոնականով:
2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենամեծ առաջընթացը գրանցել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոն» ընկերությունը և մսամթերքի ոլորտի միանձնյա առաջատար «Աթենք» ընկերությունը. առաջինը ՝ 23 տեղով, երկրորդը՝ 36: Ընդ որում, վերջինս իր ոլորտի միակ ներկայացուցիչն է ոչ միայն հիսնյակում, այլև հարյուրյակում: Ի դեպ, հավելենք, որ վերջերս «Աթենքը» նոր մրցանակի է արժանացել. այս ընկերությանը շնորհվել է «Սպառողի քվե» մրցանակը:
Հավելենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջընթաց են գրանցել նաև հիսնյակում ընդգրկված «Գրանդ մաստերը»՝ 10 հորիզոնականով, «Արարատցեմենտը»՝ 7 հորիզոնականով, «Գրանդ քենդին»՝ 3 հորիզոնականով: