Արտաքին թշնամուն թողած՝ «ներքին թշնամի» են փնտրում

Արտաքին թշնամուն թողած՝ «ներքին թշնամի» են փնտրում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է, որը հետևողականորեն զարգացնում է Փաշինյանի թեզերը՝ բարիկադներ կառուցելով երկրի ներսում։

Ի՞նչ է ասել Փաշինյանի «խոսնակը»

Հովհաննիսյանը հարցազրույց  է տվել իշխանամերձ կայքերից մեկին ու «անարգանքի սյունին» է գամել խորհրդարանական ընդդիմությանը՝ վերջինիս հասցեագրելով ծանր մեղադրանքներ։
ՔՊ պատգամավորն ընդդիմության հանրահավաքը համարում է «հակապետական գործունեություն»։ «Ընդդիմությունը ՀՀ պետական շահերի հետ չհամընկնող և անհասկանալի օրակարգերով է առհասարակ առաջնորդվում, և այս հանրահավաքը ՀՀ շահերից չբխող հերթական գործողությունն է՝ մասնավորապես, վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ», «Մենք գործ ունենք մի խմբի հետ, որը պարզապես ցանկանում է զավթել ՀՀ իշխանությունը, կրկին ժողովրդին մատուցել կեղծ իրականություն։ Ընդդիմության պատկերացումներն իրենց գործողությունների մասին այսքանով ավարտվում են»․ սրանք «պետականամետ» պատգամավորի չարաբաստիկ հարցազրույցի մի քանի մեջբերումներ են, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ոչ միայն նրա, այլ նաև իշխանության խոտոր մտածողության, արժեքային համակարգի մասին։
Նման ավտորիտար մտածողությամբ իշխանություն Հայաստանը երբևէ չի ունեցել․ ընդդիմությունը փաստորեն մեղադրվում է այն գործունեության համար, ինչը նրա ֆունկցիոնալ, նույնիսկ սահմանադրական առաքելությունն է։

Փաշինյանի «խոսնակները»

Այս պահին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես խոսնակ չունի ու, թերևս, դրա անհրաժեշտությունը չունի, որովհետև ՔՊ խմբակցության ներսում դաժան մրցակցություն է, թե ով է հրապարակային դաշտում ավելի շատ քծնելու գործող վարչապետին, տիրաժավորելու նրա անհեթեթ մտքերը։ Եթե Արթուր Հովհաննիսյանը մի փոքր էլ «ճգնի», կարող է «ձեռնոց նետել» անգամ տխրահռչակ Վահագն Ալեքսանյանին։