Ծովային ջրիմուռները օգնու՞մ են նիհարել

Չինաստանի բժշկական համալսարանի Շեն Սինգ հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ յոդով հարուստ ծովային ջրիմուռների և յոդի վրա հիմնված սննդային հավելումների օգտագործումը նպաստում է կանանց քաշի նվազմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition գիտական ամսագրում։
Հետազոտությունը յոդի առողջության վրա ազդեցությունների վերաբերյալ գոյություն ունեցող աշխատանքների գիտական ակնարկ է: Այն ցույց է տվել, որ ջրիմուռ ուտելն օգնում է հետդաշտանադադարում գտնվող կանանց նիհարել: Կորեացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ ջրիմուռներում ավելցուկով պարունակվող յոդը նվազեցնում է նաև շաքարախտի և սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։
Պարզվել է նաև, որ լամինարիայի կամ ջրիմուռների վրա հիմնված սննդային հավելումներ ընդունելն օգնում է նվազեցնել մարմնի ճարպի տոկոսը: Գիտնականները նշել են, որ սննդի մեջ պարունակվող յոդն ունի հակաօքսիդանտ, հակամանրէային, իմունոմոդուլացնող և մոլեկուլային կարգավորող ազդեցություն։ Յոդը նորմալացնում է աղիներում պաթոգեն և օգտակար բակտերիաների հարաբերակցությունը՝ դրանով իսկ նվազեցնելով գիրության և շաքարախտի զարգացման հավանականությունը։