«Նա միակ ղեկավարն էր, որ վերականգնեց մեր երկրի սուվերեն տարածքը»․ Փաշինյանին Ադրբեջանում հերոս են ընկալում

«Թող Նիկոլ Փաշինյանի անունը հավերժ հնչի մեր Խանքենդիի համալսարանում, վատ գաղափար չէ, ինչո՞ւ ոչ». ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածվում է ադրբեջանցի դասախոսների և ուսանողների ահա այս խոսույթը, որով առաջարկում են օկուպացված Արցախի պետական համալսարանն անվանակոչել Հայաստանի վարչապետի անունով՝ պարզաբանելով՝ «չէ՞ որ նրա շնորհիվ ենք այսօր մենք այստեղ, նա համարձակվեց Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այդպիսով վերականգնելով մեր երկրի սուվերեն տարածքը»։
MediaHub-ը այս թեմայով խոսեց Արցախի պետական համալսարանի դասախոսներից մեկի հետ։ Վերջինս ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, քանի որ այդ հաղորդագրության մեջ ամեն ինչ ասված է։
«Դեռ 2020 թվականից հետո Նիկոլ Փաշինյանին այդ երկրում հերոս են հռչակել։ Ես հիշում եմ, թե ֆեյսբուքյան մի բանակ ինչպես էր պաշտպանում Փաշինյանին, երբ նրա հասցեին մեղադրական խոսքեր էին գրում զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները։ Գիտե՞ք, երբ թշնամի երկրի ժողովուրդը պաշտպանում է քո երկրի ղեկավարին, շնորհակալություն հայտնում նրան հայ ժողովրդին կործանելու համար, ես մեկնաբանելու ոչինչ չունեմ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Արցախի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2021-2022 ուսումնական տարվա սկզբին։ Սակայն, վերակառուցված ու հիմնանորոգված համալսարանում այդպես էլ լիարժեք դասապրոցես չի ընթացել։
«Եկավ բլոկադան, պաշարվեց Արցախը և ուսանողների զգալի մասը չկարողացան գալ մայր բուհ, քանի որ վառելիքի պատճառով տրանսպորտը չէր գործում։ Բայց պաշարման պայմաններում էլ համալսարանը շարունակել է գործել՝ վերջին դասը 2023-ի սեպտեմբերի 19-ին էր»,-հավելեց մեր զրուցակիցը։
Համալսարանի արտաքին տեսքում կոսմետիկական միջամտությունից հետո՝ ադրբեջանցիներն այն անվանել են «Ղարաբաղի համալսարան»։
Հունան Թադևոսյան