Երեկ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց նախադեպը չունեցող, ամենակոշտ անասնական հարձակում. Շիրինյան

Երեկ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց նախադեպը չունեցող, ամենակոշտ անասնական հարձակում. Շիրինյան

Երեկվա ոստիկանական ուժերի գործողությունները կարելի է որակել այսպես՝ բիրտ, կոշտ, չհիմնավորված, չարդարացված։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

«Ըստ էության, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց նախադեպը չունեցող, ամենակոշտ և ամենաբիրտ, անասնական հարձակումը, որը հիմավորված չէր, քանի որ խաղաղ ցուցարարներն իրենց իրավունքն էին իրացնում, ընդ որում, որևէ մեկը չէր հրահանգավորել ցուցարարներին գնալ բռնությունների։ Ընդամենը այդ ճանապարհով նրանք պետք է անցնեին, իսկ ոստիկանությունը փորձեց ցույց տալ, որ ինքն է ուժը, ինքն է տիրապետում իրավիճակին և ինքը կարող է թելադրողը լինել»,- ասաց Շիրինյանը։

Նրա խոսքով՝ «ժողովրդավարության բաստիոն» հռչակած վարչապետն այլևս չի հանդուրժում ժողովրդի բողոքը․

«Բնականաբար, թիվ մեկ խեղկատակը՝ ալկոհոլ օգտագործած վիճակում, անհանգստացած, վախեցած, հիստերիայի մեջ է և չի կարողանում հանդուրժել խաղաղ ցուցարարներին, քանի որ այդ նույն վարչապետն էր, որ փախած էր ժողովրդից։ Ցավալին այն է, որ Փաշինյանի «ժողովրդավարական բաստիոն» հրչակված երկրում ոստիկանները նման կերպ են վարվում խաղաղ բնակչության նկատմամաբ, իսկ դա, վստահաբար, հրահանգավորված էր Փաշինյանի կողմից»,- ասաց Շիրինյանը։

Վերջինս վստահեցնում է, որ իշխանությունը պատրաստ է երկիրը տանել բախումների․

«Իշխանություններին անհանգստացնում են այս բոլոր գործողությունները, նա փորձում է ոչ թե ընդառաջ գնալ և քաղաքական այս ճգնաժամի պայմաններում լուծման տարբերակներ գտնել, այլ փորձում է ուժային տարբերակով հանգցնել, մարել այս պայքարը, որն անհնարին է։ Վստահ եմ, մեր այսօրվա հանրահավաքը կլինի ավելի մարդաշատ, քան երեկ»,- ասաց Շիրինյանը՝ վստահություն հայտնելով, որ ոստիկանությունը կրկին հրահանգ կստանա բիրտ ուժ կիրառել խաղաղ անհնազանդություն իրականացնողների նկատմամբ․

«Ինչ գործողությունների էլ դիմեն, միևնույն է, մեր պայքարն անկասելի է, և մենք գնալու ենք մինչև վերջ»,- իր խոսքը եզրափակեց Սայաթ Շիրինյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք երեկ՝ հունիսի 3-ին, ընդդիմության հերթական խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ, կառավարական առանձնատան հարակից տարածքում՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, տեղի էր ունեցել բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որի ժամանակ ոստիկանները կիրառեցին լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանների գործողությունների հետևանքով՝ բուժհաստատություններ են դիմել 60 անձ, որոնցից 39-ը` ոստիկանության աշխատակիցներ:

Մերի Գևորգյան