«Չեք պատկերացնում, թե որքան դաժան բան է սպասումը»․ Սասուն Առաքելյանը սեպտեմբերի 19-ից անհետ կորած է

50-ամյա Սասուն Առաքելյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է։ Նա մեկն է այն տասնյակ տղաներից, որի ճակատագիրն անհայտ է սեպտեմբերի 19-ից։
Հայրը՝ Մուրադ Առաքելյանը, MediaHub-ին պատմում է, որ պատերազմը սկսվելու պահին նա տանն է եղել։ Իմանալով, որ Վանքի հրետակոծությունից համագյուղացիների շրջանում զոհեր ու վիրավորներ կան, նա անմիջապես դուրս է եկել տնից, գնացել օգնության։
«Մյուս տղամարդկանց հետ օգնել է տուժածներին, նրանց տեղափոխել հիվանդանոց։ Դրանից հետո գյուղն անդադար հրետակոծվել է, մենք բոլորս ապաստարաններ ենք մտել, իսկ Սասունը դրսերում էր։ Հետո ենք իմացել, որ օգնության է հասել նաև առաջնագծում գտնվող տղաներին»,- ասաց նա։
Սասուն Առաքելյանը 3 զավակներ հայր է։ Նրանք բոլորն ամուսնացած են, նաև 2 թոռ ունի։ Կինը՝ Անուշը, ասում է, որ սեպտեմբերի 19-ից սկսած առ այսօր դիմել է համապատասխան բոլոր կառույցներին, բայց ամուսնուց ոչ մի տեղեկություն հայտնի չէ։ Փրկարարներն այդ տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Նարեշտարի դիրքերից 4 հոգի համարվում են անհետ կորած:
«Իմանալով հրետակոծվող դիրքերի, զոհերի ու վիրավորների մասին՝ գնացել է, որ օգնի։ Ինքը չէր կարող հանգիստ նստել ու սպասել։ Բայց, գնաց ու չեկավ։ Վերջին տեղեկությունները հետևյալն են. անհետ կորած համարվող տղաներից մեկը՝ Կառլենը, իր եղբոր հետ խոսել է սեպտեմբերի 20-ի գիշերը։ Նա ասել է, որ Վանքից Սասուն անունով մի տղայի հետ է, «ռացիայի» մարտկոցը նստում է, ուստի հետո խոսել հնարավոր չի լինելու։ Այդ պահից կապն ընդհատվել է նաև Կառլենի հետ։ Պարզ է, որ նրանք միասին են եղել ու, ամենայն հավանականությամբ, միասին էլ գերեվարվել են»,- նշեց Անուշը։
Սասունի ու Կառլենի հարազատներն այժմ Ադրբեջանի կողմից սպասում են մարդասիրական քայլի։ «Գոնե իմանանք՝ գերի են։ Դուռ չի մնացել, որ չծեծենք։ Դիմել ենք բոլոր իրավապաշտպան ու մարդասիրական կառույցներին, հույսով սպասում ենք դրական արձագանքի»,- ասաց նա։
Անուշի խոսքով՝ Սասունի անհետ կորելուց հետո հայրը՝ Մուրադ Առաքելյանը, ինսուլտ է ստացել և առողջական խնդիրներ ունի։ Իսկ ընտանիքի անդամները հույսով ու հավատով սպասում են, որ Սասունն էլ, ենթադրյալ գերության մեջ գտնվող մյուս տղաներն էլ հրաշքով տուն կգան։
«Մարտի 16-ին մեր ծննդյան օրն էր։ Սպասում էի, որ սպասումներս կարդարանան ու հենց մեր ծնունդի օրը կգա, կամ մի լուր կիմանամ։ Չեք պատկերացնում, թե որքան դաժան բան է սպասումը»,- հավելեց կինը։
Հունան Թադևոսյան