Թուրքիան պատրաստվում է Վենեսուելայում ցորեն աճեցնել

Թուրքիան պատրաստվում է Վենեսուելայում ցորեն աճեցնել

Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիսչին հայտնել է, որ, ուկրաինական հակամարտության հետեւանքով առաջացած հացահատիկի համաշխարհային պակասորդի վերաբերյալ մտավախությունների ֆոնին, Թուրքիան պատրաստվում է հացահատիկ աճեցնել Վենեսուելայում, հաղորդում է Ahval-ը:

Դիարբեքիրում տեղի ունեցած գյուղատնտեսական միջոցառման ընթացքում Քիրիսչին հայտարարել է, որ մտահաղացման նախաձեռնողը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն է, որն առաջարկել է ամեն 100 կիլոգրամ ցորենի 70 տոկոսն արտահանել, իսկ 30-ը՝ թողնել Վենեսուելային:

Ինչպես արդեն հայտնի է, շաբաթվա սկզբին Մադուրոն պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա։ Վենեսուելայի նախագահը ձգտում է թուրքական ներդրումներ ապահովել նավթով հարուստ իր երկրի առեւտրի, էներգետիկայի, հանքարդյունաբերության, կապալառուների, առողջապահության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։

Նշենք, որ Թուրքիայի եւ Վենեսուելայի միջև առեւտուրը 2019 թվականի 150 միլիոն դոլարից 2021 թվականին հասել է ավելի քան 850 միլիոն դոլարի: Այս մասին այցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կանխատեսելով, որ այս ընթացիկ տարում այն կաճի մինչև 1 միլիարդ դոլար: