«Հայաստան» դաշինքը թեթևակի սրբագրեց Սերժ Սարգսյանի խոսքերը․ «Հրապարակ»

 «Հայաստան» դաշինքը թեթևակի սրբագրեց Սերժ Սարգսյանի խոսքերը․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

«Սերժ Սարգսյանը, կիրակի օրը Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ոտքի վրա կարճ զրույցում խոսելով ընդդիմության գործողությունների մասին, հայտարարեց, թե «վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ կասի այդ մասին»։ Շատերի մոտ երրորդ նախագահի այս խոսքը տարակուսանք առաջացրեց, թե ինչու է ՀՀԿ առաջնորդն «ընդդիմության առաջնորդ» անվանում Իշխան Սաղաթելյանին, եւ արդյոք նրա խոսքի տակ որեւէ ենթատեքստ կա՞ր։ Տարբեր վերլուծություններ ու եզրահանգումներ արվեցին այդ արտահայտությունից՝ դրական եւ բացասական։

Երեկ մենք հետաքրքրվեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավորներից, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, ինչ է հայտարարելու «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանը։ Հռիփսիմե Ստամբուլյանը, օրինակ, դժվարացավ մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքը՝ նշելով, որ չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել ՀՀԿ ղեկավարը։ Նրանք, սակայն, որոշ սրբագրումներ արեցին ՀՀ երրորդ նախագահի խոսքի մեջ՝ փորձելով յուրովի բացատրել կամ «արդարացնել» նրա ասածները։ Հարցրինք՝ արդյոք ընդդիմության առաջնորդը հենց Իշխան Սաղաթելյա՞նն է։
«Գուցե Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել շարժմա՞ն առաջնորդ՝ որպես շարժումն էս պահին մեր կողմից ղեկավարվող, կազմակերպվող, գուցե դա՞ է նկատի ունեցել՝ ասելով ընդդիմության առաջնորդ»,- ասաց Ստամբուլյանը։ Իսկ Դուք, օրինակ, ի՞նչ նկատի ունեք «ընդդիմության առաջնորդ» ասելով կամ ո՞ւմ եք հասկանում դրա տակ։ Ստամբուլյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքի ընդդիմության առաջնորդները՝ որպես այդպիսին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանն են՝ ինչպես եղել է ի սկզբանե։ Հիշեցնենք, որ դաշինքի ցուցակի առաջին եռյակն այս տեսքն ուներ։

Ստամբուլյանը չասաց, թե ինչ պետք է հայտարարի Իշխան Սաղաթելյանը, կամ Սերժ Սարգսյանի այդ ասածից հետո հարց չի՞ առաջացել իրենց մոտ, կամ իրենց դաշինքում չի՞ քննարկվել այդ հարցը։ «Դեռ չի քննարկվել։ Ճիշտն ասած՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո չեմ հանդիպել»,- ասաց նա։ Հիշեցրինք նաեւ, որ Իշխան Սաղաթելյանը 24news.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե շարժումը չի մարելու, ուղղակի շոգ եղանակի պատճառով գուցե փոփոխություններ արվեն։ Հարցրինք՝ հիմա էլ շո՞գն է խանգարում, ձմռանն էլ ցուրտ էր, անձրեւ էր, ասում էի՝ հենց եղանակները տաքանան, կսկսենք պայքարի ավելի ակտիվ փուլ մտնել։ «Հենց լինեն հստակ փոփոխություններ, այդ մասին կհայտարարվի համընդհանուր»,- հերթապահ պատասխան տվեց տիկին Ստամբուլյանը։

Զրուցեցինք նաեւ նույն դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հետ։ Նա եւս անորոշ պատասխաններ տվեց այն հարցին, թե ինչ պետք է հայտարարի Իշխան Սաղաթելյանն այսօր՝ ժամը 19։30-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ։ «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք, հատկապես որ ամեն հանրահավաքին էլ Իշխան Սաղաթելյանի ելույթները կարեւորվում են, ծրագրային են, խոսվում են անելիքների, մարտահրավերների մասին»,- ասաց Մանուկյանը։

- Իսկ կարո՞ղ է առանձնապես որեւէ բեկումնային բան չի հայտարարվելու, եւ Սերժ Սարգսյանն ուղղակի բան էր՝ ասաց։

- Իրադարձություններից առաջ չընկնենք, բոլորն էլ անհամբեր սպասում են Իշխան Սաղաթելյանի ելույթին։

- Ի դեպ, Սերժ Սարգսյանն ընդդիմության առաջնորդ է անվանում Իշխան Սաղաթելյանին։ Այդպե՞ս է։

- Նայեք, ուղղակի կարծում եմ՝ կիրակի օր էր, եւ շատերն ինչ-որ մութ ծալքեր փորձեցին փնտրել եւ այլն։ Ի վերջո, բոլորին էլ հայտնի է, որ դիմադրության շարժման այս ամբողջ աշխատանքն առաջին հերթին իր ուսերի վրա է կրում Իշխան Սաղաթելյանը։ Մնացածը, թե Սերժ Սարգսյանն ինչ նկատի ուներ՝ առաջնորդ հռչակելու, հայտարարելու, դրա ամենաճիշտ հասցեատերը, կարծում եմ, Սերժ Սարգսյանն է, որն ավելի մանրակրկիտ կարող է մեկնաբանել։

- Ձեր գործընկեր Հռիփսիմե Ստամբուլյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը գուցե նկատի է ունեցել շարժման առաջնորդ լինելը, ոչ թե՝ ընդդիմության։

- Կարծում եմ՝ դիմադրության շարժումից բացի, Հայաստանում էլ ընդդիմություն չկա։ Մնացած բոլորը կա՛մ իշխանությանն են սպասարկում՝ ընդդիմության պիտակների տակ, կա՛մ ուղղակի գոյություն չունեն։

- Այսինքն՝ ստացվում է, որ ընդդիմության առաջնորդն Իշխան Սաղաթելյանն է։

- Նորից եմ կրկնում՝ ընդդիմության եւ դիմադրության շարժման միջեւ էդ հակադրության իմաստը չկա, քանի որ, ի վերջո, գործող կառույցն է, գործող ուղղությունն է, որը տվյալ պարագայում դիմադրության շարժումն է։ Եթե կարող եք ուրիշ ընդդիմություն ցույց տալ, ուրախ կլինեմ։

- Իսկ կարո՞ղ է վաղը Իշխան Սաղաթելյանը նաեւ ընդդիմության վարչապետի թեկնածուն համարվի։

- Իրադարձություններից առաջ ո՛չ ընկեք, ո՛չ ենթադրություններ արեք, ավելի լավ է՝ սպասեք Իշխան Սաղաթելյանի մեկնաբանություններին եւ ելույթներին։

- Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը ձեր շարքերում քննարկվե՞լ է։

- Ժողո՞վ պետք է անենք, որ քննարկենք։ Չէ, չի քննարկվել, որովհետեւ մեր շարքերում քննարկումը, ըստ կանոնագրի, հատուկ գումարվող ժողովներ են, խմբերից սկսած՝ մինչեւ վերին ժողովներ։ Նման ժողովների կայացում չի եղել։

- Կարո՞ղ ենք փաստել, որ ընդդիմությունն ունի առաջնորդ, եւ դա Իշխան Սաղաթելյանն է։

- Դուք հիմա ենթադրությունն արեցիք, դա Ձեր իրավունքն է՝ էդպիսի արձանագրում անելը։ Դա ենթադրություն է, սուբյեկտիվ մոտեցում է»։