Արցախում դպրոցները բավարար մակարդակով ջեռուցվում են

Ամեն օր մեր յուրաքանչյուր մանկավարժի բերանից կարգախոսի նման հնչում է այն միտքը, որ ոչ մեկս, անկախ ամեն ինչից, Արցախից՝ մեր հազարամյա հայրենիքից դուրս չենք գալու։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N 2 դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը։
Հունվարի 30-ից Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը։ Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N 2 դպրոցում սովորում է 1113 աշակերտ։ Նրանք ևս արդեն երկու օր է մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ գնում են դպրոց։
«Երեկվանից, փառք Աստծո, գազի մատակարարումն արդեն վերականգնված է, դասապրոցեսը ողջ ծավալով վերսկսված, դպրոցական շենքերն էլ բավարար մակարդակով ջեռուցվում են»,-ասաց Լաուրա Մարտիրոսյանը։
Դպրոցի տնօրենը հույս է հայտնում, որ այս մասով իրավիճակը կպահպանվի, այսինքն՝ գազի մատակարարումը կշարունակվի և հնարավոր կլինի ջեռուցել դպրոցները, որպեսզի աշակերտները հետ չմնան կրթական գործընթացից։
«Անկախ ցրտից, անկախ ամեն ինչից երեխաները բարձր բերկրանքով են եկել դպրոց, իրենց աշխարհն ամենամաքուրն է»,-նշեց Մարտիրոսյանը, հավելելով, որ ամենակարևորը հիմա այն է, որ երեխաները չեն մրսում և ուսումնական գործընթացը հնարավոր է կազմակերպել։
Արցախի շրջափակումը դպրոցի տնօրենը համարում է յուրօրինակ ցեղասպանություն, սակայն անկախ ամեն ինչից՝ այս սոցիա-կենցաղային սուղ իրավիճակում ժողովուրդը դիմակայում է և համակարգված աշխատանքներ են տարվում իրավիճակի կանոնակարգման համար։
«Բոլորիս միտքն այն է, որ մենք մեր տներից դուրս չենք գալու, մեր քանդված պատերն ու ճանապարհները նորից սարքելու ենք»,-խոսքն ամփոփեց Լաուրա Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ արդեն 51 օր է ադրբեջանցիներն ապօրինի կերպով փակել են Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախի 120 000 հայեր, որոնցից 30 000-ը երեխաներ են, փաստացի զրկված են կենսական մի շարք իրավունքներից, այդ թվում և ազատ տեղաշարժվելու իրավունքից։
Շուշանիկ Միսկարյան