Ո՛չ ողջերի մեջ կար, ո՛չ զոհվածների. Անդրանիկ Բաբայանը որոնվում է 2023-ի սեպտեմբերից 

Ո՛չ ողջերի մեջ կար, ո՛չ զոհվածների. Անդրանիկ Բաբայանը որոնվում է 2023-ի սեպտեմբերից 

57-ամյա Անդրանիկ Բաբայանի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո Հադրութի շրջանի Թաղասեռից տեղահանվել ու բնակություն էր հաստատել Ստեփանակերտում։

Անդրանիկի քրոջ ամուսինը՝ ՊԲ երկարամյա զինվորական Արամ Սարգսյանը, MediaHub-ին պատմում է, որ նա սկզբնական շրջանում զբաղվում էր շինարարությամբ ու արհեստով։ Դրան զուգահեռ ծառայության էր անցել աշխարազոր ուժերում։ 

«Անդրանիկն ու կինը՝ Նվարդը, մի աղջիկ ունեն, Լիլիթը ուսանող է։ Աշխատում էր դստերը լավ կրթություն տալու և նրա ապագան բարեկեցիկ կառուցելու համար։ Համեստ տղա է։ Երբ Արցախում դադարեց շինարարական եռուզեռը, մտավ աշխարազոր, որ հոգա ընտանիքի կարիքները, որը տեղահանությունից հետո ավելի նկատելի էր դարձել»,- ասում է ընտանիքի բարեկամը։

Սարգսյանի խոսքով՝ Անդրանիկի եղբայր Վարդգեսն արցախյան առաջին ազատամարտում գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Ինքն անձամբ է զբաղվել նրան հայրենիք վերադարձնելու գործով, խոստացել էր՝ Վարդգեսին ողջ վերադարձնելու դեպքում, դրա դիմաց ավելի շատ ադրբեջանցի պատանդներ կփոխանցեն։

«Բայց, Վարդգեսի մարմինն ուղարկեցին։ Հուղարկավորել ենք Հադրութի շրջանում։ Հիմա, տասնամյակներ անց, դարձյալ այս չլուծվող հակամարտության պատճառով Անդրանիկին ենք փնտրում, որ անհետ կորել է սեպտեմբերի 19-ից»,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ որոնվողի հետ վերջին անգամ խոսել է պատերազմից մեկ օր առաջ, երբ ամեն ինչ փխրուն-խաղաղ էր։ 

Արամ Սարգսյանն ու նրա ընտանիքը զինվորականներ են։ Պատերազմի առաջին օրը պահեստազորի սպան առաջինն իր որդուն է զանգել, ում հետ նույն խրամատում կռիվ է տվել 2020-ի մարտերին, հետո կնոջն է զանգել, նա ևս զինվորական է։ Տեղեկություն իմանալով ընտանիքի անդամներից՝ շարունակաբար զանգել է Անդրանիկին։ 

«Կապ չկար։ Գիտեք, որ այդ օրերին ամենացավոտ հարցը ներքին ու արտաքին կապի բացակայությունն էր։ Ոչ ես, ոչ նրա ընտանիքը չկարողացանք կապի դուրս գալ։ Ինքը գտնվում էր Շոշ-Մխիթարաշեն հատվածում։ Հաջորդ օրը, երբ կրակի դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կամաց-կամաց տղերքը սկսել են իջնել դիրքերից։ Իսկ նրանք, ովքեր մնացել էին շրջափակման մեջ, Արցախի նախագահը, խաղաղապահների հրամանատարն ու փրկարարները կազմակերպել են նրանց տարհանումը։ Բայց Անդրանիկը ո՛չ ողջերի մեջ կար, ո՛չ զոհվածների»։

Նրա մարտական ընկերները պատմել են, որ երբ խրամատում խփել են իրենց խմբից Արթուրին, շարունակվող կրակոցների տակ լսել են քիչ հեռվում գտնվող Անդրանիկի ձայնը, ասել է՝ «վայ, սիրտս»։ Մեկ այլ աշխարազորային ասել է․ «Դիրքի ավագն առաջարկել է, որ բոլորը դուրս գան և գնան խրամատից դեպի ձախ, իսկ Անդրանիկն ասել է՝ «ես դեպի աջակողմյան հատվածն եմ գնում, ձորի ուղղությամբ»։ Մեկ ուրիշը վկայություն է տվել, որ «դրանից հետո ձորում բղավոցներ է լսել»։

Մեր զրուցակիցն ասում է, որ այդ հատվածում օրեր շարունակ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն Անդրանիկի մասին մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա։ 

«Որոնումներն իրականացվել են նույն խրամատում, որտեղ Անդրանիկն է եղել, տարհանվել է 2 դիակ, հետո՝ մյուս դիրքերում, դրանց հարակից գոտիներում, անտառներում։ Ավելի ուշ ԴՆԹ հետազոտության համար թեստ ենք հանձնել, էլի չի նույնականացվել։ Սպասում ենք, հույս ունենալով, որ գերության մեջ է»,- հավելում է Արամ Սարգսյանը։ 

Հունան Թադևոսյան