Էլիտար «տուրիստ» Զարեհ Սինանյան

Էլիտար «տուրիստ» Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ:

ԱՄՆ-ից ՀՀ ժամանած Զարեհ Սինանյանը, ով պետք է խրախուսեր Հայաստան-Սփյուռք կապերը, որոնք միշտ ակտիվ էին «նախկինների» օրոք, տարիներ շարունակ զբաղված է ավելի շատ տուրիզմով, քան Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմամբ:

44-օրյա պատերազմի օրերին Սփյուռքի աջակցությունը Հայաստանին և Արցախին մեծ էր, սակայն չկար որևէ նորմալ համակարգում՝ օգնությունը կա՛մ տեղ չէր հասնում, կա՛մ հասնում էր ուշացումով: Սփյուռքը Հայաստանի հզորությունն է՝ տնտեսական, գեոպոլիտիկ, հումանիտար և այլ առումներով, սակայն ՔՊ-ի օրոք Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ է գոյացել. Սփյուռքի համար գլխավոր հարցերից էր Հայ դատը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի միջազգային ճանաչումը և այդ հարցերը Փաշինյանի ու յուր թիմի օրոք մղվել են երկրորդ պլան:

Թե ինչով է զբաղվում Սինանյանն այդ պաշտոնում բարդ է ասել, հասարակությունը միայն ԶԼՄ-ներից է տեղեկանում, որ նա մեկնել է որևէ տաք երկիր, իբր Սփյուռքի հետ կապերն ամրապնդելու, կամ հանդիպել է որևէ պաշտոնյայի հետ Երևանում: Ակնհայտ է, որ այդպես Սփյուռքի հետ աշխատանք տանել չի կարելի: ՔՊ-ն 2018թ.-ից ի վեր կազմաքանդել է բազմաթիվ ինստիտուտներ, այդ թվում Սփյուռքի հետ հետադարձ կապերի մեխանիզմները:

Վահրամ Բագրատյան