iPhone 14-ը որոշել են նոր ձեւով հավաքել

Ամերիկյան Apple կորպորացիան դիմել է Foxconn-ին` առաջարկելով ավելացնել Չժենչժոու քաղաքի գործարանում աշխատողների թիվը եւ սովորականից շուտ սկսել iPhone 14-ի հավաքումը։ Ինչպես գրում է United Daily News թայվանական պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները, ՏՏ հսկան Չինաստանի մի քանի շրջաններում լոքդաունի պատճառով որոշել է նոր ձեւով հավաքել գաջեթները:
Ըստ աղբյուրի՝ Apple-ը սովորաբար ավելի ուշ է սկսում սմարթֆոնների հավաքումը, սակայն Չինաստանի տարբեր հատվածներում լոքդաունների պատճառով ընկերությունը ցանկանում է մեծացնել արտադրական հզորությունները Չժենչժոու քաղաքում, որին դեռ սահմանափակումներ չեն սպառնում:
Նշվում է, որ Foxconn-ում համաձայնել են Apple-ի առաջարկին եւ արդեն սկսել են նոր աշխատողների որոնումները։ Apple-ի գաջեթների ակտիվ հավաքման ժամանակ ընկերությունը սովորաբար մոտ 6500 յուանի չափով բոնուս է առաջարկում աշխատանքի ընդունելիս, սակայն այժմ այդ գումարը մեծացրել է մինչեւ 8500 յուան։