Մացոյի արտառոց վճիռը

Մացոյի արտառոց վճիռը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն է, ով արտառոց վճիռ է կայացրել: 

Արգելք՝ քաղաքական գործունեության վրա 

Դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշում է կայացրել Ավետիք Չալաբյանի վերաբերյալ։
Ըստ այդմ, դատարանը որոշել է 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով սահմանափակել Չալաբյանի ազատությունը։
Դատարանը Չալաբյանին արգելել է  մասնակցել հավաքներին և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև վայրը փոփոխել առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության։ 

Փաշինյանի պատվերը 

Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ: Այս գործը դատարանում փլվեց ու թվում էր՝ արդարացման վճիռ է կայացվելու, բայց հայտնի Մացոն ելքը գտավ՝ կատարելու համար Փաշինյանի հանձնարարությունը: Մի կողմից, Չալաբյանը կմնա ազատության մեջ, մյուս կողմից՝ քաղաքական գործունեությունը նրա համար տաբու կլինի:

Վահրամ Բագրատյան