Արցախցի փախստականների սեփականության իրավունքը վերականգնելու համար իրավապաշտպանները դիմել են ՄԻԵԴ 

Արցախցի փախստականների սեփականության իրավունքը վերականգնելու համար իրավապաշտպանները դիմել են ՄԻԵԴ 

«Ո՞վ պետք է տեր կանգնի մարդու ոտնահարված իրավունքներին, սեփականության իրավունքին, այն դեպքում, երբ սեփականության իրավունքը ճանաչվում և պաշտպանվում է օրենքով, և սեփականատերն իր հայեցողությամբ է տիրապետում, օգտագործում և տնօրինում իր գույքը։ Իսկ մենք, մինչև ե՞րբ պետք է մնանք այսպես անտեսված»,- հարցնում է արցախցի իրավապաշտպան Ժաննա Արզումանյանը։

MediaHub-ի հետ զրույցում վերջինս նշեց այն աշխատանքների մասին, որի ուղղությամբ ամիսներ շարունակ աշխատում է «Արդար խոսք» կուսակցության հետ։ 

«Իհարկե՛, Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իր մասով է աշխատում, ես իմ փոքր թիմով՝ իմ մասով։ Վերջապես բոլորիս նպատակը՝ խախտված իրավունքների վերականգնումն է»։

Ժաննա Արզումանյանը Միհրան Մովսիսյանի օգնությամբ նախաձեռնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկել արցախցիների սեփականության իրավունքին առնչվող հարցերի մի ամբողջ փաթեթ։ Նախաձեռնությանը միացել են իրավաբաններ ու իրավապաշտպաններ՝ Երևանից ու Գերմանիայից։ 

«Տեխնիկական հարցերից հետո դիմել եմ արցախցիներին, որ ուղարկեն ինձ իրենց սեփականությունը հավաստող փաստաթղթերը։ Գրանցվել է մոտ 3 հազար սեփականության հայտ, որոնք պետք է հասցնենք միջազգային դատարաններ»,- հավելեց նա` հույս հայտնելով, որ դրանով կօգնի փախստական դարձած արցախցիներին։ 

«Սոցիալական մեդիայում տարբեր քննարկումներ են եղել այս մասով։ Շատերը թերահավատորեն են մոտենում հարցին, մի մասի մոտ վստահության պակաս կա։ Բայց թեկուզ փոքր հաջողության հասնելու համար՝ մենք փորձում ենք անել ամեն ինչ։ Այս պահին աշխատում ենք թարգմանությունների ուղղությամբ։ Հուսամ՝ մինչև տարեվերջ կհասցնենք»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Հունան Թադևոսյան