Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը նշելու Անկախության տոնը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Ամեն տարի Հայաստանի Անկախության օրը նշվել է շքեղ և մեծ միջոցառումներով։ Բացառություն են վերջին տարիները, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ:
Այդպես, և՛ 2021թ․–ին, և՛ 2022թ․–ին Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում հերոսների հիշատակին։ Անցած տարի նա չգնաց Եռաբլուր․ Արցախի հանձնման ու հայաթափման օրերն էին: Իսկ արդյո՞ք այս տարի Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցի․ այս հարցով MediaHub-ը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին:
Նախքան վերջինիս պատասխանը հնչեցնելը նշենք, որ այն մեզ համար անակնկալ չէր. Խաչատրյանի խոսքով՝ այս պահին որևէ բան չի կարող ասել։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին, արդյո՞ք դրանք նախատեսված են, ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ միակ միջոցառումը, որ նախատեսված է, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունենալիք ցուցահանդեսն է։
Նախարարությունից տեղեկանում ենք՝ սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրն այս տարի կնշանավորվի մշակութային մեծ իրադարձությամբ․ «Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից կցուցադրվի ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ներկայացնելով Մայր աստվածության գաղափարը՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, քարից մինչև մետաղ, կավ ու թել։ Այս ցուցադրությունը երկխոսություն է ժամանակների, տարածությունների և երկու թանգարանների միջև, որը տեղի է ունենում Մայր աստվածության գաղափարի շուրջ՝ որպես կենսատու սկզբի և կյանքի շարունակականության խորհրդանիշ»։
Թե ինչ կապ ունի հեթանոսության աստվածուհին անկախության հետ, պարզ չէ:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ամենաամոթալի այցը Եռաբլուր եղել է 2022 թվականին, ինչը մինչ օրս քննադատվում է, երբ սեպտեմբերի 21-ին ոստիկանները Փաշինյանի այցից առաջ «Եռաբլուրից» քաշքշելով բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած շուրջ չորս տասնյակ ծնողների: Զոհվածների հարազատները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների շիրիմներին։ Դրա հաջորդ տարին՝ 2023-ին, փաստորեն, Փաշինյանը չգնաց Եռաբլուր, ինչը պայմանավորեցին Արցախում տեղի ունեցող ողբերգությամբ: Տեսնենք այս տարի ինչ կորոշի:
Մարիաննա Արամյան