Վանեցյանը տվեց մեկնարկը․ հասարակության կոնսոլիդացիան այլընտրանք չունի

Վանեցյանը տվեց մեկնարկը․ հասարակության կոնսոլիդացիան այլընտրանք չունի

Երեկ, կեսօրից հետո, Ազատության հրապարակ այցելեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ տալիս է անժամկետ նստացույցի մեկնարկը։ «Ես այժմ գտնվում եմ Ազատության հրապարակում։ Եվ կարծում եմ եկել է այն կրիտիկական պահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ֆեյսբուքում ստատուսներ գրելով ինչ-որ բանի չենք կարող հասնել։ Այս իշխանությունները համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն և արդեն հասնում ենք մի հանգրվանի, երբ խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ։ Ես եկել եմ Ազատության հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն, շփվելու եմ ձեզ հետ։ Ես այստեղ եմ լինելու, չեմ գնալու որևէ տեղ, խնդրում եմ եկեք Ազատության հրապարակ, եկեք միասին համախմբվենք հզորանանք»,- ասել է Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության տեքստում կարևոր արձանագրումներ կան Ազատության հրապարակում մեկնարկած ակցիայի մոտիվների մասին․ «Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։ Մեզ համար չկան բաժանարար գծեր։ Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։

Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական»։

Այսպիսով՝ կատարենք մի քանի կարևոր արձանագրումներ։

Վանեցյանի նախաձեռնությամբ սկսված նստացույցը չունի ներքաղաքական համատեքստ, այն կոչված է կոնսոլիդացնել մեր հասարակությանը՝ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերները չեզոքացնելու համար։

Իշխանությունը՝ սեփական օրակարգը հասարակությանը բացատրելու, քաղաքական ընդդիմության ու հասարակության հետ երկխոսության կանալներ փնտրելու փոխարեն, երեկ Ազատության հրապարակում դիմեց անհամաչափ ուժի, բռնությունների։ Սա նշանակում է՝ Փաշինյանն այլևս գիտակցում է, որ չունի հանրային աջակցություն ու դիմում է բացահայտ ռեպրեսիաների՝ ազգային, պետական շահերի հաշվին հերթական զիջումներն անելու նպատակով։

Տարօրինակ է, որ թշնամիների հետ երկխոսության գնացող Փաշինյանը «պատերազմ» է հայտարարել սեփական ժողովրդին։

Վահրամ Բագրատյան