Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Արտավազիկ (լուսանկարներ)

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդների ուշադրությանը ներկայացնել Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը։ Դեռ մի քանի օր կա ամռան ավարտին, և կարող եք հասցնել այցելել մեր շարքի քառասունութերորդ տեսարժան վայրը ՝ Արտավազիկ եկեղեցին։
Արտավազիկ եկեղեցին հայկական եկեղեցի է Բյուրական գյուղի մոտ՝ Արագածոտնի մարզում, Հայաստան։ Պատմական սկզբնաղբյուրներում եկեղեցին չի հիշատակվում, իսկ տեղում չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Համաձայն վարկածներից մեկի, եկեղեցին անվանվել է Արտավազիկ նրա կառուցողի` Արտավազդի պատվին։
Արևելքում խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս–արլևելքում անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։ Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութնիստ թմբուկին։ Արևմուտքում խաչթևի տանիքին 8-րդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։ Եկեղեցին զգալիորեն տուժել է 1840թ. ջրհեղեղի ժամանակ։
Հուշարձանի արևելյան կողմում կանգուն է XIII-րդ դարի կոթող–խաչքարը։