Գազ չկա, ինչպե՞ս են ջեռուցվում Արցախի դպրոցները

Արդեն մի քանի օր է, ինչ Արցախում գազամատակարարումը դադարեցված է, և քաղաքացիները կանգնել են ջեռուցման խնդրի առաջ։ MediaHub.am-ը փորձել է պարզել, թե ինչպես է կարգավորվում հանրակրթական ուսումնական հաստատությունների ջեռուցման հարցը։
«Բուհերում խնդիրը կարգավորելը բավականին հեշտ է, քանի որ մի քանի նման հաստատություն ունենք և միայն դասաժամերն ենք կրճատել՝ մեկ և կես ժամը դարձնելով մեկ ժամ տասը րոպե։ Եթե շատ ցուրտ են լինում լսարանները, ապա էլելտրաէներգիայով ենք տաքացնում, բայց մեր բախտը բերեց, գոնե նախորդ մի քանի օրը տաք էր»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը։
Խնդիրը փոքր-ինչ այլ է հանրակրթական դպրոցներում։ Թեև հայկական երկրորդ պետությունում գործող 108 դպրոցների գերակշիռ մեծամասնությունը ջեռուցվում է փայտով, բայց և կան գազով ջեռուցվող դպրոցներ, որոնք անցել են էլեկտրաէներգիայով ջեռուցման, և այդ հանգամանքով պայմանավորված` աշակերտները սկսել են ավելի հաճախ բացակայել դասերից․ ցուրտ է։
«Մենք ունենք կաթսայատներ, և ընդհանուր ջեռուցումը փայտով ենք իրականացնում։ Շատ քիչ են գազով ջեռուցվող դպրոցները, դրանք էլ պլիտաներով ենք տաքացնում։ Դասապրոցեսը, կարելի է ասել, չի խաթարվել, դեռ որ դիմանում ենք։ Դե, հույս ունենք, որ առաջիկա օրերին էլ եղանակը կտաքանա»,- մեզ հետ զրույցում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության բաժնի վարիչ Ռուզաննա Բոզոյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր էլ չունեն դպրոցները, և հույս ունեն, որ խնդիրը շուտով կկարգավորվի՝ հետևանք չթողնելով կրթական համակարգի վրա։
Նարե Գևորգյան