Թեստ․Իսկ դուք վստահ եք, որ կճանաչեք նրանց

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 - 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ:
Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին: