Իշխանությունը հրաժարվում է հերոսներից. 19-ամյա Էդգարը, 35-ամյա Արամը՝ Եռաբլուրի նոր հերոսները

Իշխանությունը հրաժարվում է հերոսներից. 19-ամյա Էդգարը, 35-ամյա Արամը՝ Եռաբլուրի նոր հերոսները

Եռաբլուրը շարունակում է ընդարձակվել: Մի քանի օր է տեխնիկան աշխատում է օր ու գիշեր՝ նոր գերեզմաններ են փորվում, նոր հերոսներ են հուղարկավորվում:

Մի քանի օր է Եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորություններ են. Երեկ երեք հերոսի են հուղարկավորել, այսօր՝ վեցին: Վաղը ևս կլինեն, դժբախտաբար հուղարկավորությունների թիվը չի նվազելու:

Մինչ օրս ՊՆ-ն զոհվածների անվանական ցուցակ չի հրապարակել: Զոհերի մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը. վերջինիս մեջ չի մահացել լրագրողը, ավելի շուտ՝ վարչապետն այդպես էլ չարթնացավ, որն ամեն ինչ կաներ, որպեսզի Եռաբլուրը ու ընտանեկան գերեզմանատները հանրապետությունով մեկ այլևս երբեք եռագույններով չպատվեն: Փոխարենը նա, լրագրողի անհագ մոլուցքով, առաջինն է հայտնում զոհերի մասին՝ առաջին օրը 49, հետո՝ 105, երեկ էլ վերջին թարմացումը դարձյալ իր շուրթերով՝ 135: Հայ կնոջը մասնատած ու ամենավայրագ ձևով խոշտանգած, կադրերը համացանց ներբեռնած թշնամու հետ խաղաղության ձգտող Փաշինյանն այսօր դեռ թարմացում չի արել, բայց ամեն անգամ կրկնում է՝ թիվը վերջնական չէ: 

Ցավոք, բոլորս ենք հասկանում՝ թիվը վերջնական չի, Եռաբլուրի սահմաններն էլ դեռ կընդարձակվեն. 2020-ից ծածանվող եռագույններին ու չհանգչող խնկի բույրին նորերը կավելանան: Երեկ երազանքներն ու կյանքն ընդհատված 19-ամյա Էդգարին են հուղարկավորել, այսօր 35-ամյա պայմանագրային Արամին, հետո կգան Արթուրը, Դավիթը, Կարենը.... անուններ, որոնցից հրաժարվում է պետությունը, որոնք ուզում է մոռացության տալ, որպեսզի Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոսները լինեն վերջինը Հայաստանի պատմության մեջ, որը սկուտեղի վրա հանձնվում է թշնամուն՝ բզկտված ու արնաշաղաղ:

Լիա Խոջոյան