«Ի՞նչ եք սպասում, որ Ռուսաստանի դրոշի վրա միզի՞». ոչ մի ռևերանս էլ Մոսկվայի հասցեին չի արվել

«Ի՞նչ եք սպասում, որ Ռուսաստանի դրոշի վրա միզի՞». ոչ մի ռևերանս էլ Մոսկվայի հասցեին չի արվել

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը բավականին հարցեր առաջ քաշեց հանրության շրջանում, հատկապես նրա՝ ՌԴ-ի մասին հայտարարություններից հետո: Ամենից շատ հնչող հարցերից այս օրերին՝ մի՞թե Փաշինյանի քաղաքականությունը դարձել է պրոռուսական: 

Այդ ասուլիսից հետո Բաքուն որոշ հարցերի մասով արձագանքեց: Այդպես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեության շարունակման անհրաժեշտություն Ադրբեջանը չի տեսնում։ 

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ 2020թ․ 44–օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային օրակարգում Ադրբեջանն ինչ առաջ է քաշել, ստացել է։ Եվ Ադրբեջանը, անշուշտ, կիրառելու է իր ձեռքի տակ եղած բոլոր դիվանագիտական և այլ տիպի լծակները` Եվրամիության դիտորդներին Հայաստանից հանելու համար։

Հարցին, թե արդյո՞ք փոխվել է Փաշինյանի վերաբերմունքը ՌԴ հանդեպ, Մաթևոսյանը չհամաձայնվեց այս տեսակետի հետ: «Նախ, Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասաց, քանի որ Լավրովը յուրովի է մեկնաբանել նոյեմբերի 9–ի փաստաթուղթը, ՌԴ–ն չի կարող լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսինքն, այստեղից ռուսներին հանում է։ Փաշինյանը հաստատեց՝ իրենք դեմ են Ռուսաստանի ներգրավվածությանը բանակցություններում։ Քչերը նկատեցին, որ Փաշինյանն ասաց՝ «մեզանում կա մեծ արտագաղթ, քանի որ Հայաստանը ֆորպոստ ա եղել», էդ մարդու ընկալմամբ՝ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն ա եղել: Նա ոչ միայն մերժում է ՌԴ–ի ներկայությունը բանակցային գործընթացում, այլ նաև Հայաստանի ֆունդամենտալ խնդիրներից մեկը Ռուսաստանի վզով է փաթաթում»,– ասաց քաղաքագետը։

Փաշինյանը, ըստ քաղաքագետի, 102–րդ ռազմաբազայի վերաբերյալ ձևակերպում է օգտագործում, որ ոչ թե չեն հանելու ՀՀ-ից, այլ նշում է՝ այս պահի դրությամբ ասելիք չունեն։ Այս ձևակերպման մեջ, ըստ նրա, որոշ մանիպուլյատիվ կոմպոնենտ կա, այնպես որ, Փաշինյանը ռևերանսներ չի արել ՌԴ–ի հասցեին։ 

«Փաշինյանը օրակարգ է ձևավորում, իր լրագրողի ձեռքերով ոչ դրական գնահատական է տալիս և լրագրողի ֆոնին փորձում է ցույց տալ, որ ՌԴ–ի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունք ունի: Չկա՛ տենց բան, էս մարդու ընտրությունը կատարված է, վեկտորի առումով այն դեպի Թուրքիա է։ Ի՞նչ եք սպասում, որ ՌԴ դրոշի վրա միզի՞ կամ 102–րդ ռազմաբազայում լույսն ու ջուրը անջատի՞»,– նշեց Մաթևոսյանը։

Իսկ ինչո՞ւ դեռ չի ասել, որ ՀԱՊԿ–ից դուրս ենք գալիս: Ըստ Մաթևոսյանի՝ Արևմուտքից անձնական անվտանգության երաշխիք դեռ չի ստացել։ 

«Փաշինյանը շանտաժ է անում եվրոպացիներին, գագաթնաժողովի ժամանակ ասել է՝ ժամանակավրեպ է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը: Ինքն ասում է՝ «հարգելի՛ եվրոպացիներ և ամերիկացիներ, եթե երաշխիքներ չեք տալու, ես, եթե նույնիսկ չստացվի էլ, կարող եմ փորձել դեպի ՌԴ թեքվել», ինքն այդ շանտաժը փորձում է անել: Խնդիրն իր անձնական անվտանգությունն է։ Ինքը, ի վերջո, անելու է այն, ինչ արեց «Մարտի 1»-ից հետո՝ փախնելու է»,– եզրափակեց Մաթևոսյանը։

Մարիաննա Արամյան