«Ադրբեջանը շատ բան կարա ասի, բայց Ոսկեպարը ո՞նց են տալու». Բաքվի պահանջներն ու մեր արձագանքը

«Ադրբեջանը շատ բան կարա ասի, բայց Ոսկեպարը ո՞նց են տալու». Բաքվի պահանջներն ու մեր արձագանքը

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից 4 գյուղ։ Սա նորություն չէ և ամիսներ շարունակ քննարկվում էր, սակայն Ադրբեջանը օրերս այդ մասին հայտարարեց պաշտոնապես՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի միջոցով։

Նշվում է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում քննարկվում է Վերին Ոսկեպարի, Տիգրանաշենի, Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) հարցը։  

Ամիսներ առաջ MediaHub-ը զրուցել էր նշված գյուղերի համայնքապետերի հետ՝ ճշտելու, թե ինչպես են վերաբերում այս հեռանկարին: Այն ժամանակ հիմնական պատասխանն այն էր, որ հնարավոր չէ նման բան տեղի ունենա: Իսկ հիմա՞: Ի՞նչ կանեն գյուղի բնակիչները, արդյո՞ք արդեն հավատում են ու ըստ այդմ հավաքում ճամպրուկները, թե՞ կմնան իրենց գյուղերում. այս մասով MediaHub-ը զրուցեց ցուցակում հայտնված գյուղերի համայնքապետերի հետ։

«Այս խոսակցությունը հայտնվել է, թե չի հայտնվել, տրվելու է, թե չի տրվելու՝ բազմիցս քննարկվել է, բայց մեր ժողովուրդը իրենց օրակարգով ապրում են: Այնպիսի վիճակ չի, որ մարդկանց մեջ խուճապ է։ Փորձել են այս իրավիճակը ներկայացնել, թե հենց հիմա գյուղը դատարկվում է, բայց այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանել։ Ենթադրությունների վրա հիմնված չեմ ուզում ասել ինչ կլինի, թե ինչ չի լինի։ Ոչ մի խուճապ էլ չկա»,- ասաց Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանը։

Նա նշեց, որ պաշտոնական հայտարարություններ թե՛ այս կողմից, թե՛ այն կողմից շատ են հնչել, բայց այժմ ոչ մի ընթացք չկա, և մարդիկ ապրում են սովորական իրենց օրակարգով, իրենց կյանքով։

Իսկ Ոսկեպարի վարչական ղեկավարի առաջին արձագանքը մեր հարցին հետևյալն էր. «Ի՞նչ եք ասում. Ադրբեջանը շատ բան կարա ասի, բայց Ոսկեպարը ո՞նց են տալու»:

Դիտարկմանը, որ հայտարարությունը պաշտոնական մակարդակում է,  արդյո՞ք կա խուճապ բնակիչների շրջանում՝ կապված իրենց մշուշոտ ապագայի հետ, Իշխան Աղբալյանը արձագանքեց՝ այդպիսի բաներ ո՞վ է տարածում, մեկը մի հիմար բան է ասում, դրանում ողողում համացանցը։
«Նման բան չկա, ի՞նչ տեղահանություն, այդ ի՞նչ եք ասում»,- շարունակեց նա։

Այդուհանդերձ, որքան էլ համայնքապետերը չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը կամ չեն ուզում հավատալ, բոլորս հասկանում ենք, որ խոսքից գործ անցնելը, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների զարգացումները, ամիսների, շաբաթների հարց կարող է լինել: Ժամանակը մեր ու նրանց օգտին չէ...

Մարիաննա Արամյան