Ազատ խոսքի թշնամիները

Ազատ խոսքի թշնամիները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանն են, որոնք հանդես են եկել ԶԼՄ-ների դեմ հերթական օրենսդրական նախաձեռնությամբ՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի ավտորիտար նկրտումների իրականացմանը։

Օրենքի նախագծի էությունը

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվելու դեպքում պետական կառույցներին հնարավորություն է տալու դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը։

Սա առաջին դեպքը չէ, որ ՔՊ-ն հանդես է գալիս ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող, ազատ խոսքը կաշկանդող օրենսդրական նախաձեռնություններով։ Այս մեկը, սակայն, արտառոց է, որովհետև ցանկացած պահի իշխանության գործունեությունը քննադատող, հետաքննությամբ զբաղվող լրագրողը կարող է զրկվել ԱԺ-ում կամ կառավարությունում ստացած հավատարմագրումից։ Սա արվում է այն նպատակով, որպեսզի «հեղափոխական» վարչապետի կամ ԱԺ-ի գործունեությունը ներկայացվի միայն «վարդագույն» գույներով, մատուցվի իշխանության «աննախադեպ» նվաճումները։

Հայելին ջարդելու փոխարեն՝ փոխեք ձեր այլանդակ դեմքերը

ԶԼՄ-ներն այն հայելին են, որոնք բացահայտում են իշխանության դեմքը՝ այն տեսանելի դարձնելով, թե «վերևների», թե հասարակության համար։

Երբ իշխանության դեմքն այլանդակ կամ անճոռնի է լինում, որպես կանոն՝ մտածում են ոչ թե այն կարգի բերելու, այլ արատները բացահայտող հայելին ջարդելու մասին։

Այդպես էր հեղափոխությունից առաջ, այդպես է հեղափոխությունից հետո։

Իսկ գուցե հեղափոխություն չի՞ եղել․․․

Վահրամ Բագրատյան