Պարտվեցինք, երբ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ» պապիկին բեմ բարձրացրին, իսկ մենք հանդուրժեցինք

Պարտվեցինք, երբ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ» պապիկին բեմ բարձրացրին, իսկ մենք հանդուրժեցինք

Լրագրող Լուսինե Զաքարյանն այսօրվա պես է հիշում 8 տարի առաջ կատարվածը։ Արցախյան առաջին ազատամարտից հետո սա թշնամու կողմից հրահրված առաջին լայնամասշտաբ գործողությունն էր, որի թիրախներից մեկն էլ դարձավ Մարտակերտ քաղաքը։

Լուսինեն, որ Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիրն էր, մինչև ապրիլի 2-ը գրում էր շրջանի զարգացման, խնդիրների ու հեռանկարների մասին։ Հաճախ նաև դիրքերից զինվորների մասին դիմանկարային նյութեր էր պատրաստում։ Բայց ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին րոպեներից սկսած նա դարձավ միակ հավաստի աղբյուրը պատերազմի էպիկենտրոնից։

«Աշխատանքի բնույթը մնաց նույնը, փոխարենը լրահոսի բովանդակությունը փոխվեց, պատերազմ էր։ Դիրքեր գնալն ուղղակի բացառեցին մեր հրամանատարները, դրա համար առաջին օրերին միայն Մարտակերտ քաղաքի ու շրջանի մասին լուրերը տեղ գտան լրահոսում։ Հետո արդեն պետք է ներկայացնեի հերոսական պատմությունները, որ տեղի են ունեցել դիրքերում։ Պետք է մեր հասարակությունն իմանար, թե ինչպես մի դիրքի անձնակազմը սեփական մարմնով փակեցին Մարտակերտ քաղաքը, կամ ինչպես պաշտպանվեցին Թալիշն ու Մատաղիսը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է նա։ 

Լուսինեն գաղթի ժամանակ իր անձնական իրերի հետ Մարտակերտից բերել է նաև լրագրողի իր նոթատետրերը, որտեղ հերոսների մասին գրառումներ են։ Ասում է՝ չէր կարող այն վառել, կամ թողնել տանը։ Ապրիլյանից հետո շաբաթվա մեջ մի քանի անգամ նա բռնում էր դիրքեր տանող ճանապարհը, զրուցում սպայակազմի հետ, լուսանկարում նրանց, սերտ կապեր պահպանում զոհված ու հրաշքով փրկված զինվորների հարազատների հետ։ Բայց նրա համար բոլոր նյութերից հատկապես առանձնահատուկ էր 116 մարտական դիրքի պատմության վավերագրությունը։

«Դա այն դիրքն էր, որը չհանձնվեց թշնամուն, այն դիրքն էր, որ Ռոբերտ Աբաջյանը քաշեց նռնակի օղակն ու անմահացավ հերոսի մահով՝ ոչնչացնելով նաև թշնամական զինվորներին»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ապրիլյան պատերազմից հետո 116 մարտական դիրքի անձնակազմի՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի, կրտսեր սերժանտներ Ռոբերտ Աբաջյանի և Մուշեղ Թովմասյանի, շարքայիններ՝ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Տիգրան Պապիկյանի ու Էդգար Գալստյանի անունները դաջվեցին մարտակերտցիների սրտերում։ Ցավոք, մարտերի ժամանակ Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը զոհվեցին։ Իսկ ապրիլի 26-27-ին թշնամու նախահարձակ գործողություններից անմահացավ նաև 114 մարտական դիրքից Տիգրան Պողոսյանը։ 

«Քաղաքի կենտրոնական փողոցներում պաստառների վրա փակցվեցին նրանց նկարները, դպրոցներում անվանակոչվեցին դասարաններ, իսկ թիվ 2 դպրոցի ռազմագիտության կաբինետը կոչվեց Ուրֆանյանի անվամբ, որովհետև նրանք գործով ապացուցեցին, որ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է։ Դպրոցահասակ երեխաների համար մեր հերոսները դարձան հայրենասիրության լավագույն օրինակը։ Բառերով նկարագրելու չէ իմ ապրումները, երբ ամեն անգամ բարձրանում էի 116 մարտական դիրք։ Զոհված հերոսներին փոխարինելու եկած զինվորներն անգամ այստեղ արժանապատվությամբ էին ծառայում, գիտակցելով դիրքի պատմության դրվագները»,- հիշում է լրագրողը, նշում նաև Թալիշի ապշտպանական մարտերում արիություն ցուցաբերած հետախույզներին ու հատոկ ջոկատայիններին, ինչպես նաև 170 մարտական դիրքի անձնակազմին՝ Սասուն Մկրտչյան, Մերուժան Ստեփանյան ու էլի հարյուրավոր նվիրյալներ։ 

«Այդ ժամանակ ոգի կար, ուժ կար, միասնություն կար, զինուժի հանդեպ վստահություն կար։ Համազգեստն ու ուսադիրը արժեք էին։ Հիմա էլ արժեք է, բայց ամեն տեղից փորձում են արժեզրկել, ոչնչացնել, դա է պարտությունը։ Ու գիտե՞ք երբ պարտվեցինք, երբ իմ հերոսի՝ Ռոբերտ Աբաջյանի «կեղծ» պապիկին թավշյա հեղափոխության ժամանակ բեմ բարձրացրեցին, ու մենք լռեցինք, հանդուրժեցինք սուտը։ Այդ ժամանակ էլ կնքվեց մեր պարտությունը»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան