Ճիշտ եք անում, որ անհանգստանում եք․ Վանեցյանը՝ իշխանության վախերի մասին

Ես, որպես կանոն, շատ լուրջ եմ վերաբերում ԱԱԾ-ի հայտարարություններին և հույս ունեմ, որ ԱԱԾ-ն ևս լուրջ է վերաբերում այն ամենին, ինչ կատարվում է այսօր ՀՀ-ում ու օրինաչափ կգործի։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի, հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։

«Եթե ԱԱԾ-ի մտավախությունները իրապես գոյություն ունեն՝ ես միայն ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն հանցագործությունները բացահայտի, և պատրաստ եմ ինքս աջակցել դրան։ Իսկ իշխանություններին ուզում եմ պարզապես ասել՝ ճիշտ եք անում, որ անհանգստանում եք, մտահոգվում եք, ճիշտ եք գնահատում, որ ձեզ քիչ է մնացել»,- ասաց նա և հավելեց, որ ժողովուրդը խաղաղ անհնազանդություններով շատ կարճ ժամանակահատվածում իշխանությանը կհեռացնի։ Մանրամասները՝ տեսանյութում